Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկրների առաջնորդների ձեռքսեղման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշեց Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնեց, որ ևս ուրախ է հերթական հանդիպման համար։ «Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հետ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք Նուր-Սուլթանում, իսկ առաջին անգամ՝ մեկ տարի առաջ, և այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։

Մեր հարաբերությունները զարգանում են կայուն։ Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Շատ ուրախ եմ, որ այս ուղղություններով հնարավորություն ունենք ամբողջովին զարգացնել մեր հարաբերությունները։ Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ-ի համար, որովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունից։

Այս տարի բավական լավ աճ ունենք նաև Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվերի առումով։ Այսօր բոլոր տուրիստական շրջաններում կարելի է լսել ռուսաց լեզուն։ Ես ռուս զբոսաշրջիկներին հարցնում եմ, թե ինչպես են իրենք զգում Հայաստանում, նրանք պատասխանում են, որ Հայաստանում իրենց լավ են զգում, և ակնհայտ է, որ շատ ու շատ ռուս զբոսաշրջիկներ են շարունակելու գալ Հայաստան, և այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

tert.am