Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Արցախպրես

Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները:

Այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

-Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չէր այդ մանրամասներին:

– Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջև: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ և սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ:

Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը:

Առհասարակ, և հիմա, և նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին:

Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ:

– Վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ կան որոշ դավադիրներ և Արցախի իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին հորդորում են «Ֆեյսբուքում» գրառումներ կատարել, թե Փաշինյանը հողեր է ծախում: Ի՞նչ կասեք սրա մասին:

-Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար:

tert.am