Իրենք ամիսներով քննարկել են, իսկ մեզ ասում են՝ մեկ շաբաթում տեսակետ ներկայացրեք. Իվետա Տոնոյանը՝ վեթինգի վերաբերյալ «Իմ քայլի» նախագծի մասին

«Մեզանից ոչ ոք չի քննարկում, որ իսկապես դատաիրավական համակարգում կան շատ լուրջ խնդիրներ, որ դատաիրավական համակարգի հանդեպ կա վստահության շատ լուրջ դեֆիցիտ և չկա վստահություն այդ համակարգի նկատմամբ, սակայն վեթինգի գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենսդրության և սահմանադրական նորմերին համապատասխան պայմաններում և կրի քաղաքական բնույթ»: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա հայտարարեց, որ իրենց համար անակնկալ է եղել նիստին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լսել, որ վեթինգի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն կա, որ տևական ժամանակ է իրականացվում է:

«Այդ մասին լսել ենք ԱԺ ամբիոնից: Մեզ ու ԼՀԿ մեր գործընկերներին կոչ է արվում ներկայացնել առաջարկություններ մեկշաբաթյա ժամկետում: Առաջարկություններ ներկայացնել մի նախագծի վերաբերյալ, որը մենք չենք տեսել, չգիտենք՝ ինչ տեսք ունի, չգիտենք, թե կոնկրետ իրականացման ինչ մեխանիզմներ է ենթադրում, դա մեզ համար անհասկանալի գործելաոճ էր»,- նշեց նա:

Տոնոյանը հավելեց, որ ինչ վերաբերում է համակարգում քաղաքակրթության նորմերին համապատասխան փոփոխություններին, ապա իրենք միանշանակ կիսում են այն կարծիքը, որ պետք է իրականացվեն փոփոխություններ:

tert.am