Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով ոսկե ձվեր ածել, բայց դրանք նեխելու են՝ դատապարտված են վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել են․ Ս․ Բագրատյան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե  կարծես՝ թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է 6, 1% տնտեսական աճ 2019թ-ի համար։

«Բայց սրանք բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս՝ ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսությունում ներդրումներ չկան»,-ասաց նա և նշեց, որ հեղափոխությունից հետո ներդրողները դեռևս սպասումների մեջ են։

«Հարց է առաջանում, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ արվեն: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը։ Ժամանակն է, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնի»,-ասաց նա։

Բագրատյանի խոսքով` ԿԲ-ն չի սպասարկում պարզ պատճառով, որովհետև բանկային կապիտալը ստեղծվել է, իր խոսքով, «նախկին պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով», և այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»։

«Լինելով այլ ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն ներդրումներն արագացնել»,-ասաց նա և հավելեց, որ դրան զուգահեռ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սև ցուցակներում են։ Բագրատյանը նաև ասաց, թե հայտարարվել է, որ 130 000 մարդու սև ցուցակներից հանել են, բայց ինքը կասկածում է, որ այդպես է։

«Այս պարագայում, եթե հետևում ենք ընթացքին, խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով ոսկե ձվեր կաճեն: Այդ ոսկե ձվերը նեխելու են, որովհետև չի աշխատելու և դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է։Կապիտալը հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ չի արտագաղթում։ Չի արտագաղթել, որովհետև հնարավոր չէ այլ բանկերում այդ գումարները տեղաբաշխել: Իրավական հիմքերը չեն կարող ցույց տալ, դրա համար դատապարտված են մնալ բանկերում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ԿԲ-ն այս պարագայում պետք է նախաձեռնողական լինի, գնա գյուղացիների մոտ, հետաքրքրվի, թե ինչու չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։

«Ենթադրելի է, որ բանկային կապիտալը սառած վիճակում է զգալի հատվածում: Պետք է կարողանանք ամեն կերպ ներգրավենք ռեալ տնտեսության մեջ, դրա համար պետք է ռեֆորմների գնալ»,-ասաց նա և նշեց, որ պետք է կոոպերատիվ բանկեր ձևավորվել։

«Դա ուղիղ գյուղացիների ֆինանսավորումն է գյուղացիների կողմից ստեղծված բանկերի միջոցով։ Ինչպես են ստեղծվում՝ մի քանի խոշոր համայնք բանկեր են ստեղծում, ներդրում անում, պետությունը համաֆինանսավորում է կապիտալը և բոլոր 8000 հոգին էլ բաժնետեր են, և նախանձախնդիր են ցածր տոկոսադրույքներով դնել, իրենք ընտրում են պրոֆեսիոնալ կառավարիչների և վարում»,-ասաց նա։

Ըստ նրա, գնաճը զսպելով՝ տնտեսություն չի զարգանում, պետք է միասին ակտիվ վարկավորման խթանումով տնտեսություն զարգացնել։ «Այո, հարևան երկրներում գնաճը բարձր է, բայց գնողունակությունն էլ բարձրանում է ի տարբերություն մեր երկրի»,-ասաց նա։

tert.am