Սպասում ենք Հայաստանի վարչապետին Պետերբուրգում. Դմիտրի Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ), որը տեղի կունենա հունիսի 6-ից 8-ին:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել է Պեսկովը:

«Ես մասնակցելու եմ Նուր-Սուլթանում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, այնուհետև հունիսին կմասնակցեմ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին»,- ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով:

Ֆորումն անցկացվում է 1997 թվականից, 2006 թվականից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև շփումների համար:

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

armtimes.am