Միհրան Պողոսյանին Պետրոզավոդսկում ազատ են արձակել մեկուսարանից, նա տնային կալանքի տակ է. stolicaonego.ru

Լուսանկարը՝ «Սպուտնիկ» գործակալության

 

ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել: Նա տնային կալանքը կկրի վարձակալած բնակարանում, հայտնում է stolicaonego.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին դաշնային լրատվամիջոցները, Միհրան Պողոսյանը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի Հանրապետությունում հայկական կողմի դիմումի համաձայն ձերբակալվել էր ապրիլի 19-ին:

Պետրոզավոդսկում նա բնակվում էր իր ծանոթներից մեկի տանը: Ապրիլի 23-ին քաղաքային դատարանը կալանավորել էր նրան 40 օրով: Դատախազությունը քաղաքային դատարան էր ուղարկել կալանքը մինչև 6 ամիս երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն: Միհրան Պողոսյանի դատապաշտպանը տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել: Մայիսի 24-ին դատավոր Անտոն Լևկինը ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Պողոսյանին կես տարի տնային կալանք է նշանակել: Այս որոշման հետ, սակայն, համաձայն չէ քաղաքային դատախազությունը:

Դատարանի որոշման համաձայն, սակայն, մայիսի 28-ին Միհրան Պողոսյանն ազատ է արձակվել մեկուսարանից և այժմ ապրում է վարձակալած բնակարանում՝ ոտքին էլեկտրոնային «ապարանջան» ամրացրած:

Միևնույն ժամանակ, Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, և եթե Կարելիայի գերագույն դատարանը, այնուամենայնիվ, այն չեղարկի, ապա ՀՀ ԴԱՀԿ նախկին պետը ստիպված կլինի մեկուսարան վերադառնալ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

13.04.2019 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը:

tert.am