Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ կալանավորվեցին

Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը մեկ օր անց ազատ էր արձակվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել էր նրա փաստաբան Էդգար Թումասյանը։ Փաստաբանը հայտնել էր նաև, որ քննչական մարմինը գտնել էր, որ  Մանուկ Առաքելյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է քրեական գործի ընթացքին խոչընդոտի, հետևաբար`քննիչը միջնորդել էր Մանուկ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մյուս ձերբակալված պաշտոնյայի՝ Սլավիկ Ղազարյանի նկատմամբ ևս պետք է խափանման միջոցի որոշում կայացվեր։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Թամարա Յայլոյանը։ Հունիսի 2-ի ուշ գիշերը դատարանը երկու պաշտոնյաների նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա մայիսի 31-ի առավոտյան ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյա։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։ SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն աշխատավայրից բերման են ենթարկվել մարզի դատախազություն, որից հետո ձերբակալվել են։ Նշենք, որ քաղաքապետարանի երկու պաշտոնյաները Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն են բացահայտել ու իրավախախտումը չեն արձանագրել, որի դիմաց սեփականատիրոջից ստացել են զգալի չափերի կաշառք: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: