«Ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ո՞նց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի». Գագիկ Ծառուկյան

«Կոչ անողներն առաջինն իրենք իրենց լրագրողներին թող կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը լիարժեք, հարգարաժան մարդուն հարցը տալուց, ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա, որ ինքը վիրավորական դիմում է մարդուն, ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ո՞նց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարություններին՝ Ծառուկյանի և «Առավոտի» թղթակցի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Ըստ նրա՝ ինքը մարդկանց մշտապես և հնարավորինս օգնում է. «Իսկ նա առանց անհարմար զգալու, ինձ վիրավորելով անհիմն, որի համար ինքը պետք է պատասխան տա»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը հաճախակի է բռնկվում լրագրողների հարցերից, ԲՀԿ առաջնորդը նշեց, թե լրագրողները միշտ 5 հարցեր են տալիս իրեն. «Քոչարյանից, Սերժից, Մարտի 1-ից», բայց տնտեսությունից, ժողովրդի սպասելիքներից, սպորտից, հարցեր չեն տալիս, բայց պետք է ժողովրդին հույս տալ, որ լավ կապրեն, մարդիկ վարկերի տակ «ճռռում են, չգիտեն՝ վաղը փողոցում կմնան», լուծումներ են պետք. «Ամբողջ աշխարհին հավաքում, բերում եմ ստեղ, որ մեր երկրում փող դնեն, վստահություն լինի, հավատ լինի: Ցավդ տանեմ, դուք չեք տեսնո՞ւմ՝ ինչ ենք անում»:

Ցեմենտի հարցի վերաբերյալ Գ.Ծառուկյանը հայտարարեց. «Գործարանի համար, քանի որ դա ոլորտի խնդիր է, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ մենք չենք խառնվում, հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց, մենք այս որոշումն ընդունելու ենք, ինչպես իրենք ընտրություն կատարեն, այդպես էլ մենք ենք կատարելու, բայց պատասխանատվությունն իրենց է վրա ցեմենտի գործարանի խնդրի»:

Ըստ նրա՝ ինքը սեփականատեր է, հանձնել է կառավարման, և հարցերը, թե արդյոք արտադրությունը կպակասի՞, կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ, պետք է ուղղել կառավարիչներին:

168.am