Միջազգային փորձագետն ասում է՝ չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տալու, որ մոդել չեք բերել, ո՞վ ասաց, որ այդ դասը մեզ հետաքրքիր է․ Գևորգ Պետրոսյան

«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումներին ելույթի խոսք ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով միջազգային փորձագետի՝ ICT փորձագետ Ռուբեն Կարանզայի նկատառումներին։

Պետրոսյանն չհամաձայնեց նրա հետ, որ փորձագետն ասում է՝ «ենթադրյալ մեղավոր անձանց վերաբերյալ վերաբերմունք»։ «Ուզում եմ իմանալ՝ իրենց երկրում կա անմեղության կանխավարկած, թե ոչ, ի՞նչ է նշանակում ենթադրյալ մեղավոր անձանց»,-ասաց նա և շարունակեց, թե նա ասում է, որ «հեղափոխության դիմաց իշխանությունը պետք է ժողովրդին հատուցեր դատական համակարգով»։

«Ո՞վ է տենց բան ասել, ուրեմն առաջին հերթին, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, արել է, որ իր կյանքը բարելավվի, ունեցել է նման լեգիտիմ ակնկալիք, իսկ եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգն իրեն հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն»,-ասաց նա։

Այնուհետև նա շարունակեց, թե ինչու է նաև ՀՀ-ին համեմատում Պերուի, Գվատեմալայի հետ։ «Իրեն ասեք, որ ինքը ելույթ է ունենում համաշխարհային քաղաքակրթության օրրանում»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ փորձագետը եկել է և ասում է, որ չունենք մոդել, բայց եկել ենք՝ ձեզ դաս տանք․«Իսկ կներեք, որ մոդել չեք բերել, ո՞վ ասաց, որ այդ դասը մեզ հետաքրքիր է»։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ողջունում է իշխանության ցանկությունը՝ բարելավել արդարադատության համակարգը, բայց նշեց, որ դրա համար այլընտրանք պետք է ունենալ։

«Այստեղ անուններ են հնչում՝ ճշմարտության հանձնաժողով, արդարադատության կոմիսիա և այլն, շատ լավ է, բայց այս ի՞նչ է, մենք այդ մարմինները հիմնադրելով  արդյո՞ք չենք զայրացնում մեր գործող իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայությունը ՀՀ-ում, բա՞ մեր ԱԱԾ-ն, Դատախազությունը»,-ասաց նա։

Պետրոսյանի ելույթի ժամանակ դահլիճից արձագանքեցին, որը լսելի չէր․ Պետրոսյանը սաստեց․ «Հանգիստ այդտեղից»։

Նա շարունակեց, որ իրենք, ուզենալով իսկապես առաջընթաց գրանցել, բայց կարծում են, որ չպետք է գրանցել շտապողականության միջոցով որակի հաշվին։ «ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ բարեփոխեն, բայց ամենամեծ ցանկությունը չի կարելի իրականացնել որակի հաշվին»,-ասաց նա։

Նշենք, որ ելույթի ժամանակ նիստերի դահլիճում էր նաև ICT փորձագետ Ռուբեն Կարանզան։

tert.am