«Փաստ». Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է

«Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին, այդ թվում՝ դասախոսներին, լրագրողներին, փակված դռները չեն բացվել անգամ կանչով ինստիտուտ եկած «Շտապ օգնության» բժիշկների համար։

Թվում է՝ նման տեսարանների արդեն սովորել ենք, սրանք դարձել են հետհեղափոխական Հայաստանի առօրյայի մի մասը։ Ամենևին չենք վիճարկում հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ ուսանողների բողոքելու իրավունքը։ Դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որը, սակայն, պետք է իրացվի լեգալ միջոցներով՝ մյուսների իրավունքներն ու ազատությունները հարգելով։ Սակայն այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, որևէ կապ չունի ո՛չ քաղաքակիրթ պայքարի, ո՛չ էլ քաղաքացիական կեցվածքի հետ։ Մարդիկ փողոցներ ու դռներ են փակում ցանկացած պատրվակով՝ նույնիսկ իրենց ապօրինի գործողություններն արդարացնելու, զոռբայությունն առաջ մղելու նպատակով։

Մյուս կողմից՝ արժե՞ զարմանալ ուսանողների նման ագրեսիվ վարքագծի վրա, եթե այդ «մշակույթը» հասարակությանը պարտադրվում, հրամցվում է բարձր իշխանության կողմից։

Երբ երկրում վարչապետը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը՝ փողոցի ցասման թիրախ դարձնելով պետական ինստիտուտը, ինչո՞ւ զարմանալ, որ ուսանողներն են դիմում նման գործողության՝ փաստացի պատանդառելով արվեստագետների, լրագրողների, բոլոր մարդկանց, որոնք այդ պահին գտնվել են ինստիտուտի շենքում։ Պետք չէ զարմանալ. եթե պատգամավորները սելֆի են անում՝ հանրությանը ցույց տալով, թե ինչպես են «հերոսաբար» «պաշարել» դատարանի շենքը, նույն «հերոսությունը» կարող է ի ցույց դնել ուսանողը, որն, ի դեպ, ի տարբերություն վարչապետի ու պատգամավորների, չունի պաշտոնական կարգավիճակից բխող կաշկանդվածություն։

Եթե պետական մակարդակով արշավ է սանձազերծվում եկեղեցու, մտավորականության դեմ, Երևանի փողոցներում հայտնվում են որոշ գործիչների «մահը» գուժող սև ժապավեններ, ապա ուսանողները կարող են, առանց աչք թարթելու, վիրավորել Հենրիկ Հովհաննիսյանի կամ Ռուբեն Բաբայանի պես մտավորականների, քաղաքացիական կեցվածք ունեցող դասախոսների, ռեկտորի, որը, եթե նույնիսկ արժանի չէ իր պաշտոնին, մտավորական է ու կին։

«…Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը դառնությամբ ներկայացրել է Ռուբեն Բաբայանը:

Երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է, որը սիրո ու համերաշխության փոխարեն հասարակությանը մատուցեց «բարիկադներ», ինչի դառը «պտուղները» քաղում ենք ամեն քայլափոխի, բոլոր ոլորտներում, սոցիալական ցանցերում և իրական կյանքում։ Փոխադարձ ատելությունը ներսից հյուծում է պետության ողնաշարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

tert.am