Հորդորում ենք խուսափել չհիմնավորված որակումներ տալուց, իսկ մեր ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք վաղը. ՊՎԾ-ն՝ Օսիպյանին

Պետական վերահսկողական ծառայությունն անդրադարձել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ կառավարությունից հետ լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին, որոնք վերաբերում էին ՊՎԾ-ին: Ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում  ընդգծել՝ թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարևոր սկզբունք. այն է՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերևույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։

Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։

Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային։

Միևնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց և խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։

Ավելացնենք նաև, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են և վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»։

tert.am