35 մլն դոլարի մասին նշումը տեխնիկական վրիպակ է. դատավոր Մարգարյանն՝ իր հայտարարագրի մասին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում 35 մլն դոլար դրամական միջոց ունենալու մասին նշումը տեխնիկական վրիպակ է:

«2017թ. մարտին, երբ ստանձնել եմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, ներկայացրել եմ հայտարարագիր, որտեղ նշել եմ 35 հազար դոլարի մասին, հետագայում, երբ ներկայացրել եմ տարեկան հայտարարագիրը, այդտեղ արդեն նշվել է 35 մլն դոլար: Սա զուտ տեխնիկական խնդիր է եղել: Չեմ կարծում, որ որևէ ճանապարհով կարելի է նման գումարներ աշխատել և ես նման գումարներ չունեմ»:

Դատավորն ասաց, որ տեխնիկական խնդրի մասին արդեն տեղեկացրել է Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ու խնդրել ՝ թույլտվություն տան ուղղումներ անելու համար:

Նրա խոսքով՝ արդեն կատարվում են այդ ուղղումները և քիչ անց հնարավոր կլինի տեսնել՝ իրականում որքան է կազմում իր կարողությունը:

Հարցին՝ Էթիկայի հանձնաժողովն ինչ մեխանիզմներ ունի՝ ստուգելու՝ արդյոք ճիշտ շտկումներ են արվել, Մարգարյանն ասաց՝ այդ մեխանիզմը չկա. «Բայց իրավապահ մարմինները կարող են ստուգել, կարծում եմ՝ արդեն ստուգած կլինեն»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի՝ վեթինգ իրականացնելու հայտարարությանը, դատավոր Մարգարյանը ասաց՝ չի ցանկանում մեկնաբանել. «Ես այն անձը չեմ, որ պետք է մեկնաբանեմ վարչապետի հայտարարությունները, թող օրենքով սահմանված կարգով որոշումներ կայացվեն: Ելնելով դատավորի պաշտոնից՝ ես իրավունք չունեմ ու չեմ ուզում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր (screenshot) ներկայացրել, որտեղ նշված է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի դրամական միջոցները կազմում են 46,000,000 դրամ, 35,000,000 դոլար, 5000 վրացական լարի։

tert.am