Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու համար 1 մլն դրամ գրավ են վճարել

Արցախի նախկին ու ներկա նախագահները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հավաստեցին, որ պատրաստ են երաշխավորել Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ` անգամ քրեական պատասխանատվության սպառնալիքով։

 Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացրած Արցախի նախկին ու ներկա նախագահները որպես անձնական երաշխիք վճարել են 500 000- ական դրամ։ Այս մասին Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դատարան ներկայանալուց հետո հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Դատավորն իրազեկեց, որ երաշխավորության անհրաժեշտության վերացման պարագայում այդ գումարը կվերադարձվի երաշխավորողներին, իսկ երաշխավորված անձի կողմից ապօրինի արարք թույլ տալու դեպքում կարող է առգրավվել ու փոխանցվել պետությանը։

Դավիթ Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ իրենց երաշխավորությամբ կալանքից ազատված Քոչարյանի անօրինական քայլերի դեպքում Արցախի նախագահները կարող են անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել։

«ՀՀ ՔՐ օր 316 հոդվածով դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե պատշաճ վարքագծի դրսևորման ձեր երաշխավորությունները չկատարվեն։ Եվ հիշյալ հոդվածը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում»,– ասաց դատավոր Գրիգորյանը։

Բոլոր նախազգուշացումներից հետո Արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաները վավերացրեցին դատարանին ներկայացրած իրենց երաշխավորագիրը։

Երաշխավորագրի վերաբերյալ որոշումը դատարանը կընդունի ավելի ուշ` խորհրդակցական սենյակում։ Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի դատական վաղվա նիստում։

Նշենք, որ Քոչարյանի կալանքի երկարացված ժամկետը լրանում է կիրակի օրը` մայիսի 19-ին։

Հիշեցնենք, քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացան Արցախի նախկին ու ներկա նախագահները։ Դատավարությանը ներկա քաղաքացիները նախագահներին ծափողջույններով դիմավորեցին։

Արցախի նախագահները գրկախառնությամբ ողջունեցին Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ, այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին։

Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 15-ին դատական հերթական նիստում Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել ներկայանալու դատարան` մինչև աշխատանքային ընթացիկ շաբաթվա ավարտը` մայիսի 16-ին կամ 17-ին։

armeniasputnik.am