Քոչարյանն անցավ հակագրոհի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Դատարանում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարեց, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակը քննիչը և դատախազը թաքցրել են։ Նամակը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։ «Կարևորագույն փաստ է, որ թաքցվել է քննիչի կողմից և դատախազի կողմից»,-ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը հավելել է, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր բացակայում են։ «Եվս մեկ փաստ՝ այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից հարցաքննվել է միայն մեկ անձ»: Սա իրականում ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության մասին, կամ Քոչարյանի պահուստային տարբերակի գործարկումը: Երկրորդ նախագահը, ըստ էության, անցնում է հակագրոհի, խոստացված ականները պայթեցնելուն, ինչը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում իշխանությունների համար, քանի որ այս պարագայում Մարտի 1-ի գործը կարող է շրջվել հենց այն բացողների դեմ: Այն, որ երկրորդ նախագահի կալանքը փոխելու որոշումն արդեն իսկ կայացվել է՝ ակնհայտ է: Առաջին հերթին դա ակնհայտ է դառնում այն փաստից, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխիք տալու նպատակով դատարան են հրավիրվելու Արցախի նախկին և ներկա նախագահները: Դժվար է պատկերացնել, որ դատարանը մերժի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ այդ դեպքում լարվելու են Հայաստան-Արցախ՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները, բացի այդ, դատարանի մերժման որոշումը կարող է դիտվել իբրև Արցախի իշխանությունների կշիռը կասկածի տակ առնելու փորձ: Քոչարյանն այս պահի դրությամբ ունի Արցախի, ինչպես նաև ռուսական կողմի բացահայտ աջակցությունը: Կասկած անգամ լինել չի կարող, որ Մեդվեդև-Փաշինյան վերջին հանդիպման ընթացքում Քոչարյանի հարցը քննարկման առարկա է դարձվել: Փաշինյանի ռեժիմի դեմ քարոզչությունը կարծես մի պահ դադար է առել ռուսական մեդիայում, սակայն չի բացառվում, որ եթե մինչև Վլադիմիր Պուտինի այցը Երևան՝ Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, այդ հակաքարոզչությունը սկսի աշխատել նոր թափով: Անգամ կան խոսակցություններ, որ այդ դեպքում ռուսական կողմը սպառնում է բանտում կազմակերպել Պուտին-Քոչարյան հանդիպումը: Փշրվել է մեկ այլ միֆ ևս՝ այն, որ երկրորդ նախագահը չունի աջակիցներ: Եթե աջակիցներ չկան, ապա ինչո՞ւ են իշխանությունները ստիպված հակացույցեր կազմակերպում դատարանի բակում՝ ներգրավելով անգամ երեխաների: Քոչարյանի հակագրոհը, ինչպես ասեցինք՝ լուրջ վտանգ է պարունակում իշխանությունների համար, և վերջիններս արդեն իսկ ելք են փնտրում, որպեսզի դատողները ի վերջո չհայտնվեն դատվողների դերում, քանի որ գործը «ջուր» է՝ ինչպես ասում էր «դասականը»… Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=322015&l=am