Գիտնական նախագահի անբռնազբոս, առանց պարտադրանքի խոսքը շատ համոզիչ է․ ըստ տնտեսագետի՝ Արմեն Սարգսյանը կարող է շատ լավ ներկայացնել ՀՀ-ը Ղազախստանում կազմակերպվող տնտեսական ֆորումին

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը Ղազախստանի տնտեսական ֆորումին կարևոր է և կարժևորվի ոչ միայն կազմակերպիչ երկրի, այլ նաև՝ համաժողովին մասնակից այլ երկրների, միջազգային կառույցների կողմից:

Նա նկատեց, որ Ղազախստանը տնտեսական զարգացման փայլուն օրինակ է հետխորհրդային երկրների տարածքում, ֆորումին մասնակցելիս կարելի է շատ տեղեկատվություն քաղել:

«Նրանց նախագահը նաև հայտարարել էր, որ իրենք պետք է այնպես աշխատեն, որ, կարծես թե, բնական ռեսուրսներ չունեն, քանի որ դրանք հաջորդ սերունդներինն է»,- հիշատակեց նա:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 16-ին մասնակցելու է Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին: Նա Այստեղ հանդես է գալու ելույթով:

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Tert.am-ի հարցին, թե այս համաժողովին նախագահի մասնակցությունն
ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար,  Գագիկ Վարդանյանը պատասխանեց.

«Նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը Ղազախստանի տնտեսական ֆորումին կարող է մեծ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծել: Շփումների, ելույթները լսելու արդյունքում բավականին շատ բացահայտումներ են արվում, որոնք հետագայում կարող են վերծանվել»,- ասաց նա՝ նշելով, որ կան աշխարհում պարբերաբար անցկացվող լուրջ համաժողովներ, որոնց Հայաստանը պետք է ներկայացված լինի ոչ միայն ամենաբարձր մակարդակով , այլ նաև ընդարձակ պատվիրակությամբ:

Տնտեսագետը նկատեց, որ նախագահը նման համաժողովներին իր ելույթներով կարողանում է պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: «Վերջերս մի հրապարակում կար, որտեղ ներկայացվում էր նախագահի՝ ապագայի վերաբերյալ  կարծիքը: Ես ինքս մտածում էի, որ նախագահը, երբեմն, շատ լավատեսական բաներ է ասում, բայց երբ այդ հրապուրված ներդրողները կամ փորձագետները գան Հայաստան, չենք կարողանա գոհացնել նրանց: Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ նա ներկայացնում է առավելագույնը, ինքը հավատում է դրան, ինքը գիտի, տիրապետում է իրավիճակին և այդ առումով են նրա ելույթները լավատեսական: Նաև նրա խոսքը հրավերք է պարունակում և՛ արտասահմանյան ներդրողներին, և հետազոտական կառույցների ներկայացուցիչներին, որ համագործակցեն մեզ հետ»,- ասաց նա:

Գիտնական նախագահի կողմից հնչեցված դիրքորոշումները Հայաստանի զարգացման տեսլականի վերաբերյալ, նրա «անբռնազբոս», «առանց պարտադրանքի» խոսքը,  ըստ Գագիկ Վարդանյանի, շատ համոզիչ է:

«Երբ Հայաստանը ներկայացնում է որպես մտքի երկիր, արդեն ամեն ինչ հասկանալի է: Ես, որքան ժամանակ է, հետևում եմ նախագահի ելույթներին և տպավորություն է ձևավորվում, որ նա լավատեսությամբ, հիմնավորվածությամբ է խոսում գիտելիքահեն, մտքի վրա հիմնված տնտեսական զարգացման վերաբերյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ընկալումը պետք է մեծանա, քանի որ այդ ժամանակ միայն ներդրումներն իրենց սպասեցնել չեն տա:

Տնտեսագետը համաձայնեց նաև, որ գործադիր մարմինը կարող է ի նպաստ երկրի օգտագործել նախագահի ունեցած  փորձը, կապերը և հնարավորությունները: «Պետք չէ մտածել, որ նախագահը մեկուսի է գործում, իսկ գործադիր և օրենսդիր մարմիններն առանձին են: Նրանք բոլորն էլ պետությունն են կազմում, պետության տարբեր թևերն են: Նախագահը ոչ թե պետք է հրահանգներ տա գործադիրին, օրենսդիրին, այլ ուղիները պետք է ցույց տա նրանց»,- ասաց նա:

Գագիկ Վարդանյանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանը կարողացել է նաև վստահություն ստեղծել տարբեր շրջաններում իր հետ աշխատած, իր հետ ծանոթացած միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: «Այդ կապերն ունենալու դեպքում շատ բաներ կարելի է անել: Միջանձնային շփումները շատ հնարավորություններ են ստեղծում: Ժամանակին ճապոնական ընկերությունները մեծ զբոսարաններ հիմնեցին Մեծ Բրիտանիայում, քանի որ անձնական շփումները երկու երկրների ներկայացուցիչների հետ ակտիվ էին»,- ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ մենք տեսնում ենք, թե ինչ անկաշկանդ շփումների մեջ է նախագահը տարբեր երկրներում ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: «Նախագահի հետ շփումն ու հաղորդակցումը, նկատելի է, հաճելի է բոլորի համար: Պետք է հասկանալ, դա մեծ կապիտալ է, որովհետև այսօր կապերն են աշխատում․ առանձին վերցված համակարգիչը ոչնչի համար պետք չէ, եթե սմարթֆոնն էլ ցանցին միացված չէ, ոչնչի համար պետք չէ»,- նշեց նա:

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ լավ կլիներ նաև, որ նախագահը տարբեր համաժողովներին մասնակցելուց հետո նախաձեռներ նույն թեմայով գիտաժողովներ Հայաստանում՝ Երևանից դուրս և միջազգային ֆորումներում հնչած մտքերով կիսվեր հայաստանյան փորձագետների հետ:

«Ես անընդհատ հարցնում եմ՝ դեռ որքա՞ն ժամանակ է մեզ պետք, որ հասկանանք, թե ինչ ենք ուզում: Եթե 30 տարում, որի ժամանակ հնարավոր էր թռիչքային զարգացում, դրան չենք հասել, դեռ ինչքա՞ն պետք է սպասենք: Այս 30 տարիներն այն շրջանն էր, որ տեխնոլոգիական պատուհաններ կարող էին բացվել մեզ համար: Եթե դու չես մտնում այդ պատուհաններով, ապա հետ ես շպրտվում: Մեր բոլոր հիմնական խնդիրների պատասխանը պետք է տալ զարգացմամբ: Այս առումով այն ուղերձները, որ հղում է նախագահը, պետք է սթափեցնող, հրավիրող դեր կատարի, որ եկեք ներգրավվենք Հայաստանի զարգացման գործընթացում»,- ասաց նա:

tert.am