Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

Newspress.am-ը գրում է․

Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Այդ մասին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Էմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է:

«Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Հարցին՝ հանդիպում ակնկալվու՞մ է առաջիկայում, նախարարը պատասխանել է, որ անհրաժեշտ է մի փոքր էլ համբերել։

«Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

Լրագրողի ճշտող հարցին, թե հստա՞կ է, որ Վաշինգտոնն հյուրընկալելու, Մնացականյանը պատասխանել է, որ ակնկալվում է։ Սակայն, ըստ նրա սխալ կլինի որևէ բան ասել՝ հյուրընկալող կողմից առաջ ընկնելը սիրուն բան չէ։

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պնդմանն էլ, թե՝ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային կողմին, որովհետև, ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։

«Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,- ասել է։