Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու դատախազությունը դատական նիստը դռնփակ անելու միջնորդություն ներկայացրեց:

«Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից  կարող են հատվածներ հրապարակվել, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատվել է և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, պետական գաղտնիքի խնդիր ևս չկա»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով: «Դրա համար դատարանն ընդմիջում տվեց, որ քննվի և որից հետո դռնփակ կլինի: Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նաև ասաց, որ հղում են անում այդ հանգամանքի վրա, որպեսզի վկաները անջատ հարցաքննվեն: «Այո՛, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ, բայց քանի որ գործի զգալի մասը վկաների հարցաքննություն է  լինելու, դա չի նշանակում, որ կարող է անցկացվել դռնփակ, դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։

tert.am