«Հերի՛ք է Ձեր անձնական վրեժխնդրության պատճառով մարդուն պահեք կալանքի տակ». Մենուա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նրանք դա արեցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ են անցել, այդ ճանապարհին եղել են հերոսական էջեր: Քաղաքական տեսանկյունից դա հասկանալի էր, բայց կարծում եմ, որ իրենց դիմումը պետք է մի քիչ ավելի ընդլայնված լիներ, դատախազից բացի, դիմեին նաև վարչապետին, որովհետև, կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ միայն զուտ իրավական էր, այլ քաղաքական էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմումին՝  մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքին, ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ևս այն կարծիքին էր, որ այդ հայտարարությունը քաղաքական էր:

«Կարծում եմ՝ դիմումը ուշացած էր, ավելին, պետք է դիմեին վարչապետին, իսկ տեքստը պետք է լիներ այսպես՝ պարո՛ն Նիկոլ Փաշինյան, դադարեցրեք քաղաքական վենդետա իրականացնել Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Հերի՛ք է Ձեր անձնական վրեժխնդրության պատճառով մարդուն պահեք կալանքի տակ և վարկաբեկեք ՀՀ միջազգային իմիջը»,- նշեց Մենուա Հարությունյանը:

 Անի Կարապետյան

168.am