Ինչո՞ւ Հայկ Մարությանը չի իջնում «Արմենիա TV»–ի եթերից

Թերթը տեղեկացել է, որ քաղաքապետը դիմել է հեռուստաընկերությանը և խնդրել, որ չցուցադրեն իր մասնակցությամբ ֆիմերը։

«Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչև քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը Երևանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա», Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։ Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, և նա է որոշում՝ ցուցադրել, թե ոչ»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Պարբերականը տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել և մերժել։

arenanews.am