Ինձ չեն առաջարկել ՔՊ–ին անդամակցել, եթե առաջարկեն էլ, չեմ համաձայնվի. Մասիսի քաղաքապետ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին չեն առաջարկել անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

«Եթե առաջարկեն էլ, չեմ համաձայնվի»,– ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում նոր իշխանության հետ, Համբարձումյանը պատասխանեց` շատ լավ, որևէ խնդիր չկա։

«Այդ առումով ինձ համար որևէ տարբերություն չկա։ Ինձ համար լավն այն է, ինչ ժողովրդի համար է լավը։ Այսինքն` ժողովրդի համար լավը որը կլինի` Հանրապետականը, թե Պետրոսը, ինձ համար էլ դա է լավը»,–ասաց նա։

Անդրադառնալով իր հանդեպ հարուցված քրեական գործին` Մասիսի քաղաքապետը նշեց, որ այն քաղաքական ենթատեքստ չունի։ Նրա կարծիքով` այդ ամենի հետևանքով իր համակիրների թիվը չի քչացել. մասիսցիները միշտ հաստատակամ են։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վերջերս Դավիթ Սանասարյանի` ՊՎԾ պետի լիազորությունները սառեցնելու (նրա դեմ հարուցված քրգործից ելնելով) հետ կապված հրապարակումներ եղան, որ Մասիսի քաղաքապետի դեմ էլ քրգործ է հարուցված, սակայն նա շարունակում է պաշտոնավարել, Համբարձումյանն արձագանքեց` Մասիսի քաղաքապետն ընտրված մարդ է։

«Ինձ, ճիշտ է, մեղադրանք է առաջադրված, բայց մեղավորությունս ապացուցված չէ, և ես էլ նորմալ աշխատում եմ։ Ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հրապարակումներին, քանի որ դրանք քաղաքական ենթատեքստ են պարունակում»,– ասաց նա։

Համբարձումյանը հայտնեց, որ երկու տարի հետո Մասիսում կայանալիք քաղաքապետի ընտրությանը չի մասնակցի, որովհետև ուզում է այլ աշխատանքով զբաղվել։ Միաժամանակ նշեց, որ սա այս պահի որոշումն է, չգիտի` երկու տարի հետո ինչ կանի։ Մասիսի քաղաքապետը վստահ է, որ եթե այս պահին ընտրություններ լինեն Մասիսում, կրկին իրեն կընտրեն։

Հիշեցնենք` 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: 2018 թվականի մայիսին այս գործով ձերբակալվել, այնուհետև հունիսին կալանավորվել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ավելի ուշ նրան ազատ արձակեցին

Մասիսի քաղաքապետին, նրա եղբորն ու ևս 9 անձի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի տարբեր կետերով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, բացառիկ ցինիզմով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

armeniasputnik.am