Առողջապահության նախարարությունը դեմ է երկու հիվանդանոցի մասնավորեցմանը

Կառավարությունն առաջարկում է կարևոր առողջապահական հիմնարկները թողնել պետության հաշվեկշռում։ Արսեն Թորոսյանը խոստանում է` եթե չկարողանան ինքնակառավարվել, փոփոխություններ կանեն, այդ թվում`կադրային։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը չեն մասնավորեցվի։ Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հայտնեց, որ այս երկու բուժհիմնարկները հանվել են 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրի ցանկից։ Կառավարությունը նպատակահարմար է համարում, որ այս երկու հիվանդանոցի 100 տոկոսանոց բաժնետերը շարունակի մնալ պետությունը։

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Ունի 500 մահճակալի հնարավորություն»,– ասաց Թորոսյանը` հավելելով, որ այս հիվանդանոցն աշխատում է օգուտով` չնայած, որ ուռուցքաբանությունը թանկարժեք բուժում է։

Մինչդեռ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն մեծ պարտքեր ունի, և նոր տնօրինությունը, նախարարի խոսքով, փորձում է լուծել այդ ֆինանսական խնդիրը։

«Հույս ունեմ, որ այս ՓԲԸ–ների տնօրինությունը կկարողանա լուծել կառավարման խնդիրները, իսկ չկարողանալու դեպքում մենք կկարողանանք որոշ փոփոխություններ անել` սկսած կադրայինից, ավարտած` կառուցվածքայինով»,– ասաց Թորոսյանը։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը մասնավորեցման ցանկիցհանելու մասին նախարարության առաջարկն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։ Այն առաջիկայում կներառվի ԱԺ նիստի օրակարգում:

armeniasputnik.am