«Հանկարծ չուշաթափվեք». ո՞վ է «Ամբերդ ամրոց»-ի տարածքը սեփականաշնորհած պաշտոնյան. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին և «օբյեկտ» է կառուցում:

Իսկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ:

Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով ևս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել և որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորը արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետև տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, տապանաքարերի կտորներ և մարդկային ոսկորներ։

Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաև Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։

Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետև իրեն ոչ ոք այդ մասին չի ասել։

Եւ միայն լրագրող Նարինե Կիրակոսյանի և մեր մյուս լրագրողների օպերատիվ արձագանքից հետո մշակույթի նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ամբերդի պահպանման գոտում տարվող վանդալիզմը։

Եւ այսպես՝ հույս ունենանք, որ մշակույթի դեռևս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը։ Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ Եւ երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը և թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։

Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից»։