Ի սկզբանե ասել են, որ իմ եղբորորդի Սեդրակն իր վրա վերցնի դանակահարությունը, քանի որ ասել են՝ քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, քեզ կօգնի. Վալերիյ Օսիպյան

Ի սկզբանե ասել են, որ իմ եղբորորդին՝ Սեդրակը, իր վրա վերցնի դանակահարությունը, քանի որ ասել են՝ քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, ինքը քեզ կօգնի: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Վերջինս վստահեցնում է, որ որևէ ազդեցություն չունի գործի վրա, և իր եղբորորդին չէ դանակահարողը. «Եթե ազդեցություն ունենայի, ի սկզբանե կազդեի, որ չվերաբացվեր այդ գործը: Երկրորդն էլ՝ ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չէ, ուղղակի վստահ եմ: Դա կապացուցի նախաքննության մարմինը:

Կխնդրեի բոլորին այդ գործին ինձ չկապել և այլևս հարցադրումներով չդիմել այդ գործի հետ կապված: Ես ընդհանրապես կապ չունեմ, ես զբաղված եմ էլ ավելի կարևոր գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք աշխատել իմ գործառույթների սահմաններում»:

2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննչական կոմիտեից Hetq.am-ին հայտնել էին, որ այս պահին գործով 4 մեղադրյալ կա, որոնցից մեկը Սեդրակ Օսիպյանն է:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիս ամսին Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը: