Քաղաքական ապաստան ստանալու մասին Միհրան Պողոսյանի դիմումը Ռուսաստանը կմերժի. Պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է՝ ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Ռուսաստանը քաղաքական ապաստան չի տրամադրի։

Հիշեցնենք՝ երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով Պողոսյանի ռուս փաստաբան Միխայիլ Յամչիտսկուն, տեղեկացրել էր, որ ՌԴ-ից քաղաքական ապաստան հայցելու մասին դիմում է ներկայացվել համապատասխան մարմիններին։

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է։ Քաղաքական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից հանձնաժողովը։ Նման բովանդակությամբ դիմում ներկայացնելու հիմքեր, իմ կարծիքով, կային։ Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել էր փաստաբանը։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը, որը փաստաբանական գործունեությամբ զբաղվելու տարիներին զբաղվել է նման գործերով, պնդեց, որ Միհրան Պողոսյանի դիմումը, հնարավոր է, նույնիսկ չքննարկվի։ Իսկ եթե նույնիսկ դիմումը քննարկվի, ապա չի կարող բավարարվել մի քանի պատճառով։

«Քաղաքական ապաստան հայցելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի, որ Հայաստանում քաղաքական հայացքների հետ կապված խնդիրներ կան։ Միհրան Պողոսյանը չի կարող ստանալ ո՛չ քաղաքական ապաստան, ո՛չ էլ ապաստան քաղաքական հայացքների համար։ Նրա հայտը անգամ չի կարող քննարկվել, քանի որ այդ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս», –Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանում ապաստան հայցելու մասին դիմումն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, բովանդակային չի քննարկվում, հետևաբար Միհրան Պողոսյանը մի քանի օրից կստանա մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ նրա դիմումը չի քննարկվում, քանի որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Միհրան Պողոսյանն ապաստան ստանալ չէր կարող նաև այն պատճառով, որ նա պետք է անմիջապես դիմի այդ երկրի իշխանություններին, երբ հատում է երկրի սահմանը։

«Անհապաղ դիմելու պահանջը չի կատարվել։ Եթե նա անգամ մեղադրյալ չլիներ, եթե ինքը ոչ թե քաղաքական ապաստան, այլ ապաստան հայցելու դիմում ներկայացնի, միևնույն է՝ նրա դիմումը չէր կարող քննարկվել միջազգային պայմանագրերի համաձայն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նկատենք, որ երեկ այդ լուրի տարածումից հետո Պողոսյանի հասցեին տարբեր բնույթի քննադատություններ էին ուղղվում։ Քննադատողներից էր նաև նրա նախկին ղեկավարը՝ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, որի ենթակայությամբ էլ Պողոսյանը ղեկավարել է ԴԱՀԿ ծառայությունը։

«Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին, սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։

Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։

Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ քայլ, որը թեևս երրորդ հանրապետության որևէ պետական կամ քաղաքական գործիչ թույլ չի տվել իրեն՝ անկախ հայրենիքում ունեցած խնդիրների բարդությունից․․․ Ոչ վաղ անցյալում «գեներալի» մտքով չէր անցնի, որ ճամբարական ու վտարանդի է դառնալու, այնքան է վախենալու իր երկրի օրենքից, որ օֆշորի տրոպիկական ու թմրեցնող ապօրինությունները փոխելու է ցուրտ Ռուսաստանով, միայն թե չգա իր երկիր։

Սա այն «գեներալի» պատմությունն է, որի համար գլխիվայր շուռ է եկել «Ի՞նչ ես արել հայրենիքիդ համար» նախադասությունը՝ դառնալով «Ի՞նչ է արել հայրենիքը քեզ համար»։ Հայրենիքը թույլ էր տվել, որ նա «անկախ պետություն» խաղար ու մտածեր, որ այդպես է եղել ու այդպես է լինելու միշտ։ Մինչև․․․ այդ մինչևի մասին էր մոռացել «գեներալը», ով այսօր իր ուսադիրները տվողից է հրաժարվում, իր պատկերացումներից է հրաժարվում, իր հայրենասիրությունից է հրաժարվում, հրաժարվում է իր երազած տղայի կերպարից, որն այնքան հմտորեն էր խաղում․․․ Հայրենիքը սիրելը մինչև Ռուսաստանն է փաստորեն, հետո կարելի է դառնալ շարքային Միհրան Պողոսյան, որի տարբերությունը Գոնսալեսից արդեն որևէ մեկին չի հետաքրքրում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Մանուկյանը։

 

Աղբյուրը՝  aysor.am