Ինչու է բոլոր միջոցառումները կազմակերպում Մարությանի տեղակալի ընկերոջ ֆիրման

«Հրապարակ» թերթը գրում է, որ պետական կարևոր միջոցառումները «պատահականորեն» նույն ընկերությունն է շահում։

 Լրիվ «պատահականորեն» պետական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը` առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն։ «Ֆատկորիին» է վստահվել նաև Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երևանում, որի համար պետյուջեից հսկայական գումար է հատկացվել»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` թե՛ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, թե՛ քաղաքապետ Հայկ Մարությանը մտերիմ են ընկերության ղեկավարության հետ։

Տիգրան Վիրաբյանը խնդրի առնչությամբ նշել է, որ բոլոր ոլորտների լավագույն մասնագետներն իրենց ընկերներն են։ «Հիմա ի՞նչ կապ ունի «Ֆակտորի» ընկերությունը»,- զարմացել է փոխքաղաքապետը, երբ ասել են, որ կապ են տեսնում իրենց և այդ ընկերության միջև։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ԱԺ–ն կողմ քվեարկեց ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու և, ըստ այդմ էլ, «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին։ Կառավարությունն էլ այդ օրը տոնական միջոցառումներ իրականացնելու համար պահուստային ֆոնդից 124 մլն դրամ տրամադրեց։