Նիկոլ Փաշինյանը գնում է Կարեն Կարապետյանի հետքերով

Նախկին իշխանությունները մեկ անգամ չեն հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, բայց դրան ոչ ոք չէր հավատում։ Ու ճիշտ էր անում, որովհետև մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չէ և ենթադրում է, որ դա պետք է բերի գների նվազեցման։ Այնինչ` գները չէին նվազում։

Հիմա հերթը Նիկոլ Փաշինյանինն է, ով չի դադարում կրկնել, որ Հայաստանում մենաշնորհներն իսպառ վերացված են։ Վարչապետ ընտրվելուց հաշված րոպեներ հետո նա հայտարարեց, որ այլևս մենաշնորհներ չկան, և ընդամենը 40 րոպե պետք եղավ իրեն այդ երևույթից մաքրելու շաքարավազի և բանանի շուկաները. «Ես 2017թ. ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե։ Եվ, այո, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացել է բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ»։

Սա մենաշնորհները վերացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի միակ հայտարարությունը չէ։ Ահա մի հատված նրա վերջին ֆեյսբուքյան ասուլիսից. «Էսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ` առնվազն հնարավորությունների մասով»:

Առանց տարբերության, նույնը ժամանակին հայտարարում էր Կարեն Կարապետյանը։ Ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ այն ժամանակ Կարեն Կարապետյանն էր ասում, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, և ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել։

Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը ստում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Բայց արդյո՞ք դա է կարևորը մենաշնորհների վերացման գործում, կամ դրանից մեծ բան է փոխվում։ Ի՞նչ տարբերություն, թե ով ինչ է ասում, եթե սպառողը որևէ կերպ չի զգում մենաշնորհների վերացման ազդեցությունը սեփական գրպանի վրա։

Ի վերջո, մի՞թե մենաշնորհների վերացման նպատակն այն է, որպեսզի ասվի, որ Հայաստանում այլևս մենաշնորհ չկա։ Եթե մենաշնորհները վերացել են, բա ո՞ւր են արդյունքները։ Ինչո՞ւ մենաշնորհային շուկաներում ապրանքների գները չեն նվազում։ Հիմա բանանն ավելի էժան է, քա՞ն նախկինում էր։

Եթե սեզոնային գործոններով պայմանավորված՝ գների որոշակի անկում է լինում, դա դեռ չի նշանակում, թե մենաշնորհների վերացման արդյունք է։ Ի՞նչ է, նախկինում բանանի գները չէի՞ն նվազում, հետո կրկին բարձրանում։

«Բանանի շուկայում մենաշնորհային երևույթը բացառապես ջախջախված է, շաքարավազի շուկայում այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ պրոբլեմ ունի շաքարավազ ներկրելու հետ։ Այսօր մարդիկ կան, որ «գազելով» են շարաքարավազ կրում։ Նախկինում այդ հնարավորությունը չի եղել։ Նույնը վերաբերում է բենզինին, ընդ որում, փոքր քանակով մարդիկ մեկանգամյա գործարքներով բենզինի շուկա են մտնում»,- ասում է վարչապետը։

Ենթադրենք՝ հիմա բոլորն էլ կարող են բենզին, շաքարավազ կամ բանան ներկրել, դրա ազդեցությունն ինչպե՞ս է արտահայտվել շուկայի վրա, ինչ-որ բա՞ն է փոխվել մասնակիցների թվի ավելացումից։ Այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ խնդիրը ոչ թե շուկայի մասնակիցների ավելանալ-չավելանալու, այլ իրական մրցակցության մեջ է, որը կարող է բերել գների նվազեցման։

Գների չնվազելու պատճառն ամենևին էլ մասնակիցների քանակի մեջ չէ և ոչ էլ նրա մեջ, թե ո՞վ կարող է բենզին, շաքարավազ կամ բանան բերել։ Շուկայում կարող են լինել խիստ սահմանափակ` նույնիսկ երկու կամ երեք ընկերություններ, որոնց մեջ իսկապես գործեն մրցակցային հարաբերություններ։ Միայն այդ դեպքում է հնարավոր գալ գների նվազեցման։

Դրանում դժվար չէ համոզվել` բջջային կապի շուկայի օրինակով։ Ժամանակին, երբ այստեղ կար մեկ ընկերություն, գործում էին աստղաբաշխական բարձր գներ։ Հետո ավելացավ ևս մեկը, և գները կտրուկ նվազեցին։

Այսօր այս շուկայում գործում է ընդամենը երեք ընկերություն, բայց դա չի խանգարում, որպեսզի գները ոչ միայն չբարձրանան, այլև պարբերաբար իջնեն, բարելավվի մատուցվող ծառայությունների որակը, անընդհատ նոր թարմացումներ ի հայտ գան։ Այդպես է, որովհետև կա իրական մրցակցություն։

Սա է մրցակցային շուկայի իմաստը։ Ու բոլորովին էլ էական չէ՝ 3 ընկերություննե՞ր են գործում, թե՞ 43-ը։ Կարևորն այն է, որ առկա է իրական և ոչ թե՝ ձևական մրցակցություն։

Հիմա, երբ ասում ենք՝ բանանի մենաշնորհը ջախջախված է, ավելացել են բազմաթիվ ներմուծողներ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հարկավոր է ապահովել իրական մրցակցություն։ Թե չէ, մեկին փոխարինել մյուսով կամ արհեստականորեն ավելացնել շուկայի մասնակիցների քանակը, ոչինչ էլ չի տալու։ Այնպես, ինչպես արվում էր նախկինում, նույնը կրկնվում է նաև հիմա։

Մենաշնորհային շուկաներում իրականում շատ բան չի փոխվել։ Պատահական չէ, որ դա չի բերում գների նվազեցման։ Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզում է՝ հայտարարի, որ Հայաստանում մենաշնորհ չկա, միևնույն է՝ դրանից երևույթը չի փոխվի, քանի դեռ չի ձևավորվել մրցակցային միջավայր։

Իսկ այդ միջավայրը չի եղել՝ ինչպես նախկինում, չկա նաև այժմ։ Եթե գերիշխող դիրք գրավողները, նոր ընկերություններ ներմուծելով շուկա` փորձում են տպավորություն ստեղծել, թե կորցրել են իրենց դիրքերը, դա դեռ չի նշանակում, թե լուրջ վերաձևումներ են տեղի ունեցել։ Մասնակիցներն ինչքան ուզում են՝ թող ավելանան կամ պակասեն, կարևորն արդյունքն է։

Զգո՞ւմ են այսօր սպառողները մենաշնորհների վերացման ազդեցությունը, դժվար չէ ճշտել։ Թեև դրա կարիքը չկա։ Բոլորն էլ տեսնում են, թե մենաշնորհների հայտարարվող վերացումից հետո ինչքանո՞վ նվազեցին ապրանքների գները։ Եթե այդ առումով բան չպիտի փոխվի, ի՞նչ տարբերություն՝ մենաշնորհ կա՞, թե՞ չկա։

Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ նախկինում էլ մենաշնորհներ չեն եղել։ Ոչ մի տարբերություն։ Ու պետք չէ բնավ մենաշնորհների վերացումը համարել մեծ ձեռքբերում։ Նախկինները ևս պակաս ոգևորությամբ չէին խոսում Հայաստանում մենաշնորհների վերացման մասին։ Այն, ինչ այսօր կա, դեռ ոչինչ է։

Մենաշնորհների վերացումը պետք է արձանագրվի կոնկրետ արդյունքներով։ Լավ կլինի, որպեսզի վարչապետն արդյունքների մասին խոսի, եթե, իհարկե, այդպիսիք կան։

Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ միայն մենաշնորհներին, այլև մյուս ոլորտներին։ Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են բացվում, չկա գործազրկության խնդիր, ավելանում են աշխատավարձերը, բարձրանում են նպաստներն ու կենսաթոշակները։ Բայց այդ ամենը ոչինչ է, եթե հասարակությունը չի զգում դրանց ուղղակի ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը`https://168.am/2019/04/24/1112884.html