Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից 2 կոճակ հանել եք, ասում եք՝ վերջ, սա լավ կոստյում է. Էդմոն Մարուքյան

Դուք նշում եք բոլոր այն հանգամանքները, որոնք արատավոր են եղել, բայց այս նախագծով չեք փոխել այդ երևույթները. ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում», ասվել է, որ այն սուպերվարչապետական համակարգ է: «Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալ բանը՝ սա կոստյումն է (հանեց իր կոստյումը և ցույց տվեց կոճակները-խմբ.) այս կոստյումի կոճակները տեսնո՞ւմ եք, այս կոճակներից երկուսը հանում եք, մյուս կողմից էլ երկու կոճակ եք հանում ու ասում եք՝ այս կոստյումը մենք այսպես հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց՝ այս կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ:

«Ասում եք՝ կասկածներ չունենաք: Մենք կասկածներ ոչ թե ունենք, այլ մենք ձեզ ասում ենք՝ ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով: Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ գտնում եմ, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք: Հիմա ԼՀԿ-ն առաջարկություն է ներկայացրել, որ ունենանք Ազգային անվտանգության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցրերի, առողջապահության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման, իրավական հարցրերի նախարարություններ, կրթության, գիտության և սպորտի նախարարություն՝ առանց մշակույթի, պահպանում ենք մշակույթի նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, որտեղ միավորվում է ԱԻՆ-ը, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարություն, տնտեսական զարգացման, և ֆինանսների նախարարությունը, որտեղ ներառված է ՊԵԿ-ը»,- ասաց նա:

Մարուքյանի համոզմամբ՝ իրենց ներկայացված նախագծով կառավարության կառուցվածքում տեղավորվում է ամբողջ կառավարման համակարգը, որը խորհրդարանական վերահսկողության ներքո է:

«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանինն  է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Եվ էդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ոստիկանության պետը, մնացել է ԱԱԾ պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը և չկա այլ քաղաքական պատասխանատու օղակ, որը կկրի պատասխանատվություն նշված մարմինների համար»,- ընդգծեց պատգամավորը:

Վերջինս հետը պաստառներ էր բերել, որոնցով բացատրում էր «իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ կառավարության ներկայացրած նախագիծը սխալ է: «Սա ձեր ներկայացրած համակարգն է. դուք առաջարկում եք 12 նախարարություններ և երկու փոխվարչապետ, մենք առաջարկել ենք երեք փոխվարչապետ, 14 նախարարություններ: Այս հատվածը, որ մի շարք նախարարություններից ավելին արժեն, մնացել են խորհրդարանական վերահսկողությունից դուրս»,- բացատրում էր Մարուքյանը՝ ցույց տալով պաստառը:

Մարուքյանն ընդգծեց, որ այս համակարգը քաոս ու խայտառակ համակարգ է: «Սա չի քայլելու, դուք հետ եք գալու՝ սա փոխելու, բայց ուշ է լինելու»,- շեշտեց պատգամավորը:

Նա ցույց տվեց երկրորդ պաստառը և նշեց, որ ԼՀԿ-ն առաջարկում է շատ հասկանալի, խորհրդարանական կառավարման երկրին հարիր համակարգ, որտեղ կան երեք փոխվարչապետեր: «Այսինքն՝ մենք մեկ փոխվարչապետին առաջարկում ենք պահել որպես սփյուռքի հարցերով զբաղվող, բարձր մակարդակ ենք ապահովում, իսկ նախարարությունների թիվը դառնում է 14: Այսինքն՝ մենք ռեկորդ չենք ուզեցել խփել, ինչքան հնարավոր է շատ կրճատել: Պահպանում ենք մշակույթի նախարարությունը, որովհետև հայ ազգը մշակութային պատերազմի մեջ է, պահպանում ենք գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև մենք ինստիտուցիոնալ զարգացած պետություն չունենք: Դուք գտնում եք, որ ՀՆԱ-ի 16 տոկոս ապահովող նախարարությունը մեզ պետք չի, սուպերնախարարություն ստեղծենք, մի մարդու վրա բարդենք ամեն ինչ, որ էդ մարդը գլուխ չհանի, մի վեց տեղակալ ունենա և չհասկանա, թե ինչ են անում»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ մասով իրենք գտնում են, որ ԱԱԾ քննչական մամինը դուրս գա ԱԱԾ-ից: «Նախարարության մեջ չի լինելու քննչական մարմին և այն պետք է տեղափոխվի քննչական կոմիտե, այդ ռեֆորմը կիսատ է մնացել: Այն ժամանակ ԱԱԾ-ի պետը, ՊԵԿ-ի պետը գնացել են Սերժ Սարգսյանի մոտ և պահել են քննչական մարմինները: Կոնկրետ ՊԵԿ-ի պարագայում հարկատուն հարկը չի վճարել կամ սխալմունք է եղել, քրեական գործ են հարուցել՝ հարկերից չարամտորեն խուսափելու համար, չի վճարում, կալանավորում են, ասում են՝ դե նստի, մինչև փողերը չբերես, բաց չենք թողնի, դա դարձել է հարկահավաքման միջոց: Հիմա Հայաստանում հեղափոխություն է եղել, հեղափոխության արդյունքում այդ արատավոր երևույթները պետք է վերանայվեն, դառնան ժողովրդավարական, պետք է դրանք լինեն հաշվետու ՀՀ քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիներին կարող են լինել հաշվետու խորհրդարանի միջոցով, ինչն էլ առաջարկում է ԼՀԿ-ն»,- հայտարարեց վարչապետը:

Նա հարց բարձրացրեց. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից արդեն մեկ տարի անց դուք այդպես էլ չեք կողմնորոշում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, ինչո՞ւ եք այդ կոստյումը հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնելու, այդ պատասխաններն ենք մենք ակնկալում ենք լսել այս քննարկման արդյունքում»:

Ամալյա Առաքելյան