ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմանշանակ էր ու բազմաբովանդակ։ Ինչ-որ իմաստով դա նաև պատմական ելույթ էր։
Պատերազմի, խաղաղության և պետության առջև ծառացած այլ մարտահրավերների համատեքստում վարչապետը հանդես եկավ չափազանց կարևոր ուղերձով, որն իր սուր ծայրող ուղղված էր «մանվելիզմ» երևույթի կամ էլ գաղափարական դրսևորման դեմ։
Իսկ ո՞րն է «մանվելիզմի» էությունը։ Խոսքը իհարկե միայն գեներալ Մանվել Գրիգորյանի մասին չէ։ Այս պարագայում գեներալն ընդամենը հավաքական կերպար է, որը մարմնավորումն է դեռևս 90-ականներից սկսած պետության առջև ծառացած չափազանց լուրջ հիմնախնդրի։
Ղարաբաղյան պատերազմից հետո ռազմական գործողություններում մեծագույն ներդրում ունեցած զինվորականների մի զգալի մասը ռազմաճակատից վերադարձան քաղաքական ու տնտեսական մեծագույն ամբիցիաներով ու ակնկալիքներով։ Նրանցից շատերին թվում էր, թե հայրենիքին մատուցած ծառությունների դիմաց բոլորն իրենց պարտք են և այդ պարտքը պետք է փոխհատուցվի։ Ձգտումներն այս համընկնում էին քաղաքական իշխանությունների նպատակների հետ։ Նրանք մի կողմից վերահսկելի էին դարձնում անվերահսկելի ու զինված ազատամարտիկներին, իսկ մյուս կողմից էլ նրանց քաղաքական ամուր հենարանի կարգավիճակ շնորհում։
Այս մոտեցման հետևանքով ժամանակի ընթացքում ի հայտ եկավ բդեշխ-զինվորականների այն հայտնի կաստան, որը լծվեց ժողովրդին հարստահարելու, ճնշելու և թալանելու գործին։ Սա իհարկե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենակոպիտ քաղաքական սխալներից մեկն էր, որի կործանարար հետևանքները առաջին հերթին հարվածեցին իրեն՝ առաջին նախագահին։ Հետագայում Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններում խնդիրն էլ ավելի խորացավ։ Բդեշխ-զինվորականների դասակարգը դարձավ վերջիններիս իշխանության ներքին հենարանն ու վերարտադրության առաջնային երաշխավորը։
Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է թույլ տար, որ Երկրապահը քաղաքականացվեր։ Դա ռումբ էր պետության հիմքերում, որը վաղ թե ուշ պետք է պայթեր։
Իսկ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել ու փորձում է ուղղել ու շտկել պատմական սխալը։ Դրա էությունը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չափազանց բարձր է գնահատում պատերազմի վետերաններին ու ազատամարտիկներին, ավելին՝ նրանք մեր իրականության հերոսներն են, քանի որ իրենց առողջությունն ու կյանքը զոհաբերել են հանուն բարձր արժեքների՝ ազատության, անկախության ու ինքնորոշման։ Բայց ոչ ոք թող հանկարծ մտքով չանցկացնի, թե ինքը կարող է արտոնյալ լինել, ոչ ոք թո՛ղ չմտածի, թե ինքը օրենքից ու պետությունից առավել բարձր է։ Ամենաիսկական հերոսն այն անհատն է, որը ռազմաճակատից վերադառնալուց հետո շարունակում է ծառայել հայրենիքին, քանի որ ինչպես վարչապետը համագումարի ժամանակ նկատեց․ «Հերոսությունը ամենօրյա խնամք պահանջող կարգավիճակ է»։
Ռազմաճակատի հերոսը դադարում է հերոս լինել, երբ պատերազմի ավարտից հետո սկսում է հայրենիքը որպես փոխհատուցում ծառայեցնել իր նեղ անձնական շահերին, ռազամաճակատի հերոսը դադարում է հերոս լինել, երբ սկսում է ճնշել ու հարստահարել ժողովրդին։ Քանի՞ կոպեկ արժի Ֆիզուլիի գրավումը, եթե տարիներ հետո վախի ու սարսափի մեջ պետք է ապրի Էջմիածինը։ Սա հռետորական հարց է, բայց մի բան հստակ է․ Էջմիածնի ահաբեկված բնակիչների վախը նույնական էր Ֆիզուլիից փախչող ադրբեջանցիների սարսափին։ Մի՞թե սա է հերոսությունը։
Իրականում Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել ազատամարտիկի իրական հերոսական կերպարը, որը պղծվել էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օորոք։ Իսկապես նրանք պղծել ու արժեզրկել էին մեր հերոսներին․ մի մասին հասցրել էին աղքատության ու թշվառության, իսկ մյուս մասին էլ թույլ տվել դառնալ հանցագործ։
Վարչապետի մյուս կարևորագույն ազդակը զուտ քաղաքագիտական բնույթ էր կրում․ Նա շեշտադրեց այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմը հաղթել են ոչ թե առանձին դաշտային հրամանատարները, այլ՝ ամբողջ հանրությունը։ Միջնադարում պատերազմները ընթանում էին առանձին միապետների և զորավարների միջև։ Բայց մենք արդեն վաղուց միջնադարում չենք ապրում և պատերազմներն էլ 21-րդ դարում բոլորովին այլ բովանդակություն ունեն։ Ազգային պետությունների ձևավորումից ի վեր պատերազմներն ընթանում են պետությունների և հանրությունների միջև, այսինքն հայ-ադրբեջանական կոնֆլիկտն առաջին հերթին երկու հանրությունների կոնֆլիկտն է, այլ ոչ թե՝ առանձին առաջնորդների և դաշտային հրամանատարների։ Հաղթանակի գործում ամենամեծ ներդրումը պատկանում է հենց հայ հանրությանը՝ հայ ազգին, որը առաջին հերթին քաղաքական դրսևորում է։ Ձևակերպման կարևորագույն ուղերձն այն է, որ ոչ ոք հանկարծ ինքն իրեն հանրությունից առավել բարձր կարգավիճակ չշնորհի, չկարծի, թե ինքը փրկիչ է և հայ ազգին փրկել է վերահաս աղետից։ Հաղթանակը վերագրվում է բոլորին․ ծերերին, կանանց, գյուղացիներին, շինարարներին, բանվորներին, արվեստագետներին և նույնիսկ այն երեխաներին, որոնք ծնվել են պատերազմի ամենաթեժ պահին։ Հաղթանակը այս բոլորի համակեցական միասնության արդյունքն է։
Վերջաբանի փոխարեն միայն ուզում եմ հույս հայտնել, որ «մանվելիզմը» վերջնականապես արմատախիլ կարվի մեր իրականությունից և մենք այլևս զերծ կմնանք համանման արատավոր դրսևորումներից։ Սա պատմական հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք վերականգնել ու վերարժևորել հերոսների իրական կերպարները, որպեսզի հայրենասիրությունը դուրս գա հայրենասիրական կեղծ դեմագոգիայի կաղապարից։ Մանվելների համար հայրենասիրությունը վախեցնելու, թալանելու և ստրկացնելու գործիք էր, իսկ մեր համար հայրենասիրությունը սեփական սխալները վերհանելու, հայրենիքը հզորացնելու, վերարժևորվելու ու ստեղծագործելու միջոց է։
Աղբյուրը` https://www.1in.am/2537254.html