Էդուարդ Աղաջանյանի հետ կոնֆլիկտից հետո Փաշինյանն ազատման հրաման է ստորագրել

Կառավարությունում վերջին պաշտոնանկությունների մեջ ամենաինտրիգայինը, թերևս, դրանցից երկուսն էին՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր՝ Մարգարիտ Ազարյանի և Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի անսպասելի ազատումը: Խոսքն ապրիլի 1-ին և 2-ին վարչապետի աշխատակազմում արված մի շարք պաշտոնանկությունների մասին է. այդ օրերին Նիկոլ Փաշինյանը միանգամից 6 պաշտոնյաների ազատման հրամաններ ստորագրեց:

Հայկ Այվազյանի ազատման հիմքում շատերն ավելի խորքային պատճառներ են տեսնում: Մամուլը հաճախ է գրում կառավարության ներսում ներկուլիսային լուրջ խմորումների ու հատկապես որոշ պաշտոնյաների շուրջ խմբավորումների մասին:

Ինքը՝ Հայկ Այվազյանը, իր պաշտոնանկության պատճառների մասին սեփական վարկածներն ունի, անուններ խուսափում է տալ, բայց միևնույն ժամանակ՝ չի թաքցնում, որ իր դեմ արշավի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյաներից է: Վստահաբար պնդում է, որ մասնագիտական դաշտում թեմա չի եղել, ազատման հրամանին չի նախորդել աշխատանքային որևէ «կիքս»:

«Ինտրիգ էր պարզապես, դա պետք էր որոշ մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում ակնարկում է Հայկ Այվազյանը:

Նրան զարմացնում է, որ իր ազատման օրը նույն պաշտոնին անմիջապես նշանակում հաջորդեց: Համարում է, որ լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ուներ հրաժարվել համագործակցությունից, բայց ինչ-որ տեղ իր իրավունքը ոտնահարված է համարում:

«Վարչապետի որոշումն է եղել, որոշեց չաշխատել ինձ հետ, բայց կարծում եմ՝ առնվազն պիտի քննարկվեր ինձ հետ իմ ազատման մասին որոշումը… Ես միայն վարչապետից էի պարզաբանում ակնկալում, փորձեցի հանդիպել Փաշինյանի հետ, բայց երբ հրամանս ստորագրվեց, խնդրեցի՝ այլևս հանդիպում չկազմակերպեն նրա հետ, ու դուրս եկա շենքից»,- պատմում է Հայկ Այվազյանը:

Ու մինչ 168.am-ը փորձում էր պարզել՝ արդյո՞ք Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ Հայկ Այվազյանի ունեցած կոնֆլիկտն է հիմք ծառայել նրա ազատման հրամանի համար, և որքանո՞վ է Կառավարության ղեկավար Փաշինյանը տեղեկացված այդ կոնֆլիկտի մանրամասներին, ու ի՞նչ տրամաբանությամբ է բացառապես կուսակցի տեսակետի հիման վրա երկրի բարձրագույն պաշտոնյան այդքան հեշտ հրամաններ ստորագրել, Կառավարությունից որոշեցին «հարմար ձևով» ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել:

Երեկ իշխանական լրատվամիջոցներից մեկը Կառավարության իր աղբյուրին հղում անելով՝ բացահայտել էր Հայկ Այվազյանի ազատման հրամանի խորքային պատճառները: Եվ, ըստ լրատվամիջոցի, նրա պաշտոնանկության պատճառն անգործությունն է եղել, տեսչական բարեփոխումների ժամանակահատվածում նա ոչինչ չի արել տեսչությունների աշխատանքի բարելավման ուղղությամբ:

Ավելին, ըստ նշյալ լրատվամիջոցի՝ տարբեր տեսչություններից բողոքներ են ստացվել նրա դեմ, ինչի համար բավական երկար ժամանակ ղեկավարությունը դժգոհ է եղել նրա աշխատանքից:

Աղբյուրը փոխանցել է նաև, թե Հայկ Այվազյանի մոտ աշխատողներին «վերևից նայելը» սովորույթ է դարձել, նա չի շփվել տեսչության ղեկավարների հետ, նրանց գործունեությամբ չի էլ հետաքրքրվել, ինչի պատճառով էլ այժմ գրեթե բոլոր տեսչություններում անհասկանալի աշխատանքային իրավիճակ է ստեղծվել:

Նշենք, որ Հայկ Այվազյանը չհերքեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին. ստացվում է, որ ինտրիգը հենց նա էր ստեղծել, որ ազատվի «շատերին վերևից նայող» Այվազյանից:

Հիշեցնենք, ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման էր ստորագրել Հայկ Այվազյանին Տեսչական մարմինների աշխատանքների գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին ու նույն օրը մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակեց Արթուր Ասոյանին: Ասոյանը ևս տեսչական բարեփոխումների փորձագետ է:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը` https://168.am/2019/04/03/1103987.html