Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Ն. Փաշինյանը՝ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի մասին

Այսօր Եռաբլուրում 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ հետևություն է արել Ապրիլյան պատերազմից հետո, Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այդ խնդիրը կառավարության օրակարգում է: «Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»,- նշեց վարչապետը:

Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կարելի՞ է ասել, որ սահմանին լարվածություն չի լինի, և այլևս քառօրյա պատերազմներ չեն լինի, նա պատասխանեց. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ է: «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Պաշտպանության նախարարն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է  հաղթելն այդ պատերազմում, եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- շեշտեց վարչապետը:

Նշենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

Հարցին էլ՝ այսինքն համաձայնեցվա՞ծ էր Տոնոյանի խոսքը իր հետ, վարչապետը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո, դրա հետ կապված որևէ հարց ունե՞ք»