Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը պաշտոնավարման 3 ամիսներին ունակ էր հեղափոխական ռեֆորմներ ներկայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ նույն մարդիկ իշխանափոխությունից հետո ստանձնել էին կառավարման ղեկը և հասցրել էին ծանոթանալ երկրում տիրող վիճակին:
Պատճառն, ըստ նրա, կադրային քաղաքականությունն է, միասնական հայեցակարգի բացակայությունը: «Շուրջ մեկ տարի է՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է, և սա բավարար ժամանակ էր թափ տալու համակարգը, զարկ տալու բարեփոխումների ծրագրերին: Այս ընթացքում «տնտեսական հեղափոխությանը» կարելի էր ռեալություն հաղորդել, դնել դրա հիմքը: Կարծում եմ, որ թիմը չունի միասնական տեսլական երկրի զարգացման շուրջ: Ավելին՝ գործող իշխանությունները բաժանված են երկու մասի:
Առաջինը մարդիկ են, որոնք նշանակվել են պրոֆեսիոնալիզմի համար, անկախ նրանից՝ մասնակցել են իշխանափոխությանը, թե ոչ: Խոսքս անվտանգության, ԱԻՆ-ի, ֆինանսների, պետական եկամուտների և այլ ոլորտների մասին է: Այս ոլորտներում ապահովվել է կայունություն: Երկրորդը մասը մարդիկ են, որոնք եկել են քաղաքական թիմից` շարժմանը աջակցելու արդյունքում, և չեն կարողանում ադապտացվել իրենց ներկայիս կարգավիճակին»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ քաղաքացիական ակտիվիստները չեն կարողանում դառնալ քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչները չեն կարողանում դառնալ պետական գործիչներ:
«Վարչապետն ունի իր տեսլականը, բայց շատ շատերը` չունեն: Եվ հետո պետական պաշտոնյան չպետք է վախենա պատասխանատվությունից: Մինչդեռ շատերը վախենում են պատասխանատվություն վերցնել: Եթե ավելի կարևոր է, թե սոցիալական ցանցերում քո մասին ինչ են գրում, պետական պաշտոնյա մնալով` մնացել ես սոցիալական ակտիվիստ, ուրեմն չես ուզում պատասխանատվություն ստանձնել»,- հավելեց նա:
Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/31/Nikol-pashinyan-hakobyan/2961612