Հայաստանը քաղաքականապես հետաքրքիր չէ և հույսը պետք է դնի իր վրա. Էրիկ Ռայներտ

Երբ քննարկում են պարտքերի թեման, պետք չէ նայել միայն խոչընդոտների կողմը, պետք է նայել նաև, թե ինչ ակտիվներ կան: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսանողների համար դասախոսություն կարդալիս այսպես ասաց Նորվեգացի տնտեսագետ, «Ինչպե՞ս են հարուստ երկրները հարստանում: Ինչո՞ւ են աղքատ երկրները մնում աղքատ» բեսթսելլերի հեղինակ Էրիկ Ռեյներտը:

Նա պատասխանեց ուսանողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի՝ ՀՆԱ-ի տարեկան 60%-ի չափ արտաքին պարտք ունեցող Հայաստանը պե՞տք է ավելացնի պարտքը՝ նախագծեր իրականացնելու և դրանց միջոցով եկամուտներն ավելացնելու համար:

«Միացյալ Նահանգները 1776թ.՝ Անգլիայից անկախացումից հետո, ունեցել է պարտքեր: Քաղաքացիական պատերազմ է եղել, բայց դրա հետ միասին ունեցել է նաև ակտիվներ: Այնպես որ, ՀՆԱ-ի տարեկան 60%–ի չափ պարտք ունենալը վախեցնող չէ:  Հունաստանի, Հայաստանի պես երկրների դեպքում, կարծում եմ, պարտքի չափը պահելը նշանակում է քչացնել այն մարելու հնարավորությունները»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ տնտեսական առաջընթաց ապահովելու համար պետք է  կրթության, ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումներ անել, բացի այդ, համեմատել կրթական համակարգը աշխատատեղերի հետ: «Քանի որ կարող ես մարդկանց կրթել, բայց աշխատատեղերով չապահովել, և այդ դեպքում նրանք լքեն երկիրը»,- ասաց նա:

Էրիկ Ռայներտը պատասխանել է նաև Tert.am-ի հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին:

«Մարդիկ հայտնվում են նոր միջավայրում, սկսում են ավելի լավ հասկանալ նախկին միջավայրը, ինչը հաճախ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գաղափարի է վերաճում։ Այս համատեքստում, ամբողջ աշխարհի հայերը պետք է որ ավելի շատ ձեռնարկատիրությամբ զբաղվեն, քան մյուսները։ Եթե դրա վրա հիմնվեք, եթե հասկանաք ազգային միասնության հնարավորությունները, կարող եք ավելիին հասնել: Ազգայնականությանը վերաբերող ամեն դրական բան այստեղ կա»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ եթե համեմատություն անենք, ապա կտեսնենք, որ այստեղի ինժեներները՝ համեմատած, օրինակ, ԱՄՆ-ի ինժեներների հետ, ավելի էժան աշխատուժ են: «Կարող եք ստեղծել մի ցանց, որտեղ դրսում ապրող հայերն օգնում են հայրենիքում ապրող հայերին: Դա շատ հնարավոր է, և դա մի բան է, որ կատարվում է, օրինակ, Թայվանում, որտեղ տեխնոլոգիաների առաջընթաց եղավ, և ուղեղների հոսք նկատվեց»,- նշեց նա:

Պատասխանելով դիտարկմանը, որ հեղափոխութությունից հետո ակնկալվում էր, որ միջազգային կազմակերպություններից Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը կմեծանա, սակայն նման բան չեղավ, Էրիկ Ռայներտը նշեց․«Դուք աշխարհի համար շատ սոված չեք, և քաղաքականապես էլ հետաքրքիր չեք: Սա գուցե կոպիտ է հնչում, բայց, ցավոք սրտի, այդպես է: Հույսներդ պետք է դնեք ձեր վրա»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ, Հայաստանը չպետք է սպասի փողի, բայց կարող է ակնկալել, որ կօգնեն իր ընկերություններին: «Սակայն դուք կարող է ցանկանաք ինչ-որ ապրանք ներմուծել, օրինակ՝ Արևմտյան Եվրոպա, և պատասխան ստանաք՝ չենք ուզում: Նույնը կարող է լինել նաև ԱՄՆ-ում: Պետք է որ ձեզ համար անհանգստացնող լինի այս անարդար խաղը, որ կա աշխարհում․ԵՄ-ը, ԱՄՆ-ը ցանկանում են, որ դու գնես նրանց ամբողջ ունեցածը, բայց նրանք չեն ցանկանում գնել քոնը»,- ասաց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/30/erik-reinert/2961335