Իշխանությունն ավելացնում է տնտեսական հեղափոխության թշնամիներին

Երեկվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնեց իր այն գաղափարը, որ տնտեսական հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիների մասնակցությունը, որ քաղաքացին պետք է լինի տնտեսական հեղափոխության ոչ միայն շահառուն, այլ նաև հիմնական դերակատարը։

Այս հայտարարությունները բավական գեղեցիկ են հնչում, ինչպես որ դրա հիմնավորումներն ու համեմատությունները թավշյա հեղափոխության հետ։ Սակայն իրականությունը փոքր-ինչ տարբերվում է ասուլիսային հայտարարություններից, և քաղաքացուն որպես գործընկեր դիտարկող իշխանությունը, մեղմ ասած, ազնիվ չի վարվում այդ նույն քաղաքացու հետ։

Դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին հաջորդած ընդամենը երեք ամիսների ընթացքում այդ նույն քաղաքացիների ամենատարբեր շերտեր տարբեր հարվածներ են ստացել իշխանությունների կողմից, հարվածներ, որոնք հարվածում են քաղաքացու գրպանին։ Միայն այս օրերին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող տարբեր խմբերի պատկերը բավական է ասվածում համոզվելու համար։ Գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներ, գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցներ…

Թվարկված և չթվարկված մի շարք խմբերի քաղաքացիներ կառավարության իրականացրած կամ նախապատրաստվող փոփոխությունների արդյունքում տնտեսական հեղափոխության մասնակցից դարձել են տնտեսական հեղափոխության տուժածներ, քանի որ այդ փոփոխությունները ուղղակիորեն հարվածում են նրանց աշխատատեղերին ու եկամուտներին։ Սրանք նույն այն քաղաքացիներն են, ովքեր 70 տոկոսից ավելի ձայն են տվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Իմ քայլի» նախընտրական ծրագրերում բնականաբար նման փոփոխությունների մասին նախընտրական խոստում-գույժ չի եղել։ Եվ հասկանալի պատճառներով այս փոփոխություններն իրականացվել են ոչ թե ընտրություններին նախորդող շրջանում, այլ իրականացվում են հիմա, երբ քաղաքացին արդեն իսկ տվել է իր ձայնը տնտեսական հեղափոխություն խոստացող քաղաքական թիմին։

Այսպիսով իշխանությունը քաղաքացիներին մի կողմից՝ կոչ է անում դառնալ տնտեսական հեղափոխության մասնակից, մյուս կողմից՝ տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների արդյունքում հարվածում է քաղաքացիների գրպանին։ Այս պայմաններում որևէ քաղաքացի, մեղմ ասած, մոտիվացված չի լինելու տնտեսական հեղափոխության իրականացման հարցում, քանի որ դրա առաջին քայլերը նվազեցնում են կամ ընդհանրապես վտանգի տակ են դնում իր եկամուտները։

Խնդիրն այն չէ, որ կառավարության կողմից իրականացվող բոլոր քայլերը, փոփոխությունները անհիմն են։ Տարբեր ոլորտների կանոնակարգման նպատակով կատարվող փոփոխությունների թվում կան նաև փաստարկված ու հիմնավորված քայլեր, ինչպես որ կան նաև հակառակի մասին վկայող որոշումներ, ինչպես, օրինակ, տարադրամի փոխանակման կետերի տուրքը 60 անգամ մեծացնելու նախագիծը։ Իրականում եթե այդ փոփոխությունները անգամ հիմնավոր են ու անխուսափելի, դրանք պետք է կատարվեն որոշակի փուլերով, հաջորդականությամբ, այդ խմբերի շահառուներին այլընտրանքային հնարավորություններ առաջարկելով։ Մինչդեռ կառավարությունը շարժվում է բոլոր հնարավոր բնագավառներից հնարավորինս շատ պետական վճարներ հավաքագրելու սկզբունքով։

Եվ ահա այս պայմաններում քաղաքացիներին կրկին տնտեսական հեղափոխության մասնակից դարձնելու կոչերը անգամ հեգնանք են պարունակում քաղաքացիների նկատմամբ։ Որովհետև եթե տնտեսական հեղափոխության մեկնարկը տարբեր շահառու խմբերին եկամուտներից զրկելը կամ նրանց եկամուտները նվազեցնելն է, ապա քաղաքացիներն ավելի շուտ կդառնան տնտեսական հեղափոխության հակառակորդն ու թշնամին, քան դրա մասնակիցը։

Իշխանությունը, պետությունը եթե ցանկանում է քաղաքացուն մասնակից դարձնել իր նպատակադրման իրականացման գործում, ապա պետք է քաղաքացուն վերաբերվի որպես գործընկերոջ, որն ունի ոչ միայն պետության հանդեպ ֆինանսական պարտավորություններ, այլ նաև իրավունքներ։

Այլապես այս ճանապարհով շարունակելու դեպքում տնտեսական հեղափոխության հակառակորդների թիվը կավելանա ամեն օրվա հետ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուրը` https://www.1in.am/2526864.html