«Ձեր արտահայտությունների մեջ չափավոր եղեք». Կառավարության ծրագրում «երջանիկ քաղաքացի» ձևակերպումն ԱԺ հանձնաժողովի նիստում բանավեճի առիթ դարձավ

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018 թ. ծրագրի հաշվետվության քննարկմանը բանավեճ ծավալվեց «երջանիկ քաղաքացի» ձևակերպման շուրջ:

Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե ծրագրում «երջանիկ քաղաքացի» հասկացություն կա, սակայն կառավարությունը իր օպտիմալացման և ապամոնտաժման ծրագրերով հակառակն է ապացուցում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ելույթի ձայն խնդրեց և նկատեց, թե մարդկանց մոտ երջանկության ընկալումը, հատկապես տարիքով պայմանավորված, տարբեր է լինում:

Գևորգ Պետրոսյանը ընդհատեց և հարցրեց. «Իսկ Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք»: Հովակիմյանը հորդորեց չընդհատել. «Ես Ձեզ չէի ընդհատում, չնայած դուք ձեր խոսքերի մեջ շատ մանիպուլյատիվ բաներ էիք անում»: Պետրոսյանը բարձրաձայն արձագանքեց. «Ձեր արտահայտությունների մեջ չափավոր եղեք, ի՞նչ է նշանակում մանիպուլյատիվ»:

Հովակիմյանը հորդորում էր լռել և լսել իր ելույթը մինչև վերջ և կիմանա, թե ինչ է նշանակում: «Ասում եք, որ տասնյակ հազարավոր կրճատումներ են սպասվում, իհարկե, գիտենք, որ որպես ընդդիմադիր կարող եք քննադատել, բայց գոնե այս հանձնաժողովում եկեք դա չանենք առանց հիմքի»,-ասաց նա և պնդեց, որ այդ քանակի կրճատումների փաստ չկա և չի լինելու:

Պետրոսյանը կրկին ընդհատեց՝ հարցնելով, թե բոլորը կարո՞ղ են ի գիտություն ընդունել, որ կրճատումներ չեն լինելու: «Տասնյակ հազարավոր չի լինելու, այո՛»,-նշեց Հովակիմյանը:

Բանավեճը փորձեց հարթել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով խնդրեց հնարավորինս հարգել կանոնակարգը: «Սրանից հետո ես վերջինն եմ ելույթ ունենալու, որ ով ինչ ասի, ես շուռ գամ, իրեն պատասխանեմ, ինչո՞ւ է ինձ պատասխանում, թող ծրագրին անդրադառնա»,-նշեց Պետրոսյանը:

Վահագն Հովակիմյանը շարունակեց, թե Պետրոսյանի դիտարկած խնդիրները ծնվել էին նախորդ իշխանությունների ապաշնորհ աշխատանքի շնորհիվ, և տասը ամսվա ընթացքում այս կառավարությունից, չեն կարող ասել, թե 20 տարվա քայքայվածը ինչու միանգամից չեն վերականգնում: Նա անդրադարձավ սպասարկման օբյեկտների քանդման մասին Պետրոսյանի դիտարկմանը, թե մարդիկ աշխատանք են կորցնում դրա հետևանքով:

Ըստ Հովակիմյանի՝ իրենք ընդամենը Երևանի կանաչապատ տարածքները նորից դարձնում են կանաչապատ: Պատգամավորը համաձայնեց, թե գուցե այն սրճարանները, երբ բետոնապատում էին, սեփականատերի երջանկությունն էր դա, բայց ոչ հանրության:

«Շատ լավ է, որ հիմա բետոնապատողները փոքրամասնություն են, հակառակ դեպքում Երևանն ամբողջությամբ բետոն կլիներ, նախկինները բետոնի սիրահարներ էին»,-ասաց նա: Պետրոսյանը կրկին հակադարձեց. «Հիմա էլ փաստորեն կանաչի սիրահար են»:

«Ոչ, կանաչապատման»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը ևս ելույթ ունեցավ. «Չգիտեի, որ ծրագրում երջանկություն բառը կարող է այսպիսի աժիոտաժ առաջացնել նիստում: Երջանկության ձգտելու իրավունքն առաջին անգամ ամրագրվել է ԱՄՆ սահմանադրության մեջ, և տարբեր բովանդակություն են տալիս, թե ինչ ձև ունի, բայց որպես իրավունք տրամաբանական է, և բոլորս աշխատում ենք, որ ՀՀ քաղաքացին իրեն երջանիկ զգա, դա միայն գործադիրի ջանքերի շնորհիվ չէ, որ կարելի է իրականացնել, այլ բոլորիս»:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ քաղաքացին կարող է երջանիկ լինել, երբ որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հայոց պետականությունը դիտարկի սրբությունների դասին: «Սա այն բանաձևն է, որից հետո անձը կարող է անձնական երջանկության ձգտել»,-ասաց նա և նշեց, թե քննարկումը նրա համար է, որ կատարելագործեն պետականությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին անդրադարձավ հարցին՝ նկատելով, որ ծրագրում այն գլուխը, որը վերնագրված է «Երջանիկ քաղաքացի», ներառում է տարբեր ենթաբաժիններ: Նա օրինակ բերեց, որ մինչև ծրագրի ներկայացնելը ՀՀ 20,000 կենսաթոշակառու և 65,000 նպաստառու ստանում էին 16,000 դրամ նպաստ կամ թոշակ, իսկ այսօր արդեն 25,500 են ստանում և կարող են ասել, որ այս քաղաքացիներն ավելի երջանիկ կարող են իրենց զգալ: «Երջանկությունը ստատիկ վիճակ չէ, դինամիկ վիճակ է»,-ասաց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/19/Parliament/2951716