Եթե պետք է պատգամավորական խումբ գնա Սիրիա, եկե՛ք բոլոր տեղերում էլ պտտվենք՝ Աֆղանստանում, Կոսովոյում․ Արման Աբովյանը՝ ԼՀԿ-ի առաջարկի վերաբերյալ

Սիրիա պատգամավորների խումբը ուղարկելու առաջարկի շուրջ ընդամենն աշխատանքային քննարկում է եղել, քվեարկություն չի եղել, իրենք առաջարկը չեն ընդունել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ ԱԺ-ում մերժվել է Սիրիա խորհրդարանական հանձնաժողով ուղարկելու իրենց առաջարկը:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ պետք չէ ման գալ այս թեմայի շուրջ աշխարհաքաղաքական երանգներ, դրանք չկան: Պետք է հստակ հիմնվել պարզ, հստակ գաղափարի վրա, որ Սիրիայում մենք ունենք հայ համայնք, և հայ համայնքը Սիրիայի պատերազմի ամբողջ ընթացքում կրել է բոլոր ֆիզիկական, նյութական և բոլոր տեսակի վնասները»,- ասաց նա:

Ըստ Արման Աբովյանի՝ Հայաստանի Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու քայլը պետք է դիտարկել որպես սիրիահայ համայնքին աջակցություն ցույց տալուն ուղղված ներգրավվածություն: «Բայց ինչո՞ւ միայն Սիրիա: Եթե Սիրիա պետք է գնա պատգամավորական խումբ, եկեք բոլոր տեղերում էլ պտտվենք: Մենք ունենք խաղաղապահ առաքելություն իրականացնողներ Աֆղանստանում, Կոսովոյում: Դե եկեք այնտեղ էլ գնանք: Ես սա տեսականորեն եմ ասում, առաջարկ չէ: Հանկարծ որպես առաջարկ չընկալվի: Պարզապես տրամաբանությունն է այդպես»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ոչ ոք դեմ չէ, որ լինի խորհրդարանական վերահսկողություն: «Բայց պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք ուզում ստանալ վերջում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում առաջարկը չընդունելու, պատգամավորների միջև անհամաձայնության պատճառը եղել է այն, որ չի հասկացվել, թե ինչ ենք մենք ուզում, ինչ «մեսիջ» ենք ցանկանում փոխանցել:

Արման Աբովյանը նաև նկատեց, որ եթե ԼՀԿ պատգամավորներն առաջարկն արել են, որ գնան, տեղում հասկանան, թե այնտեղ անվտանգության համակարգն ինչպես է կառուցված, ապա դա մի քանի օրում անել հնարավոր չի լինի: «Դա ավելի խորքային խնդիր է: Եվ բացի մեր զինվորականների անվտանգության հարցից՝ մենք ոչ մի դեպքում չպետք է տարանջատենք հայ համայնքին այս ամեն ինչից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը Էդմոն Մարուքյանը հայտարարել էր,  որ իրենք դիմել էին ԱԺ նախագահին և պահանջել, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձևավորի և Սիրիայում մեր հումանիտար առաքելությանն այցելի՝ պայմաններն ուսումնասիրելու նպատակով, սակայն իրենց պահանջը մերժվել է․

«Գիտեք, որ եթե երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է խորհրդարանի միջոցով վերահսկողություն լինի, սակայն խորհրդարանը շրջանցվել է, և առանց խորհրդարանի հաստատման գնացել են։ Մեր այս առաջարկությունը մերժվել է, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերահսկողության այլ լծակներ լինեն։ Բայց չգիտեմ՝ ինչ լծակ կարող է լինել, հիմա ի՞նչ պետք է անենք պոստ ֆակտում, պոստ ֆակտում կարող էինք այցելել, բայց առաջարկությունը մերժվել է»,- ասել էր նա: