Ծուղակում ենք. Սա պատրանքային խաղաղություն կարող է լինել

Հայաստանում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը, որն ամենամյա իրադարձություն է արդեն մի քանի տարի շարունակ: Այդ միջոցառման առիթով Հայաստան է ժամանել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա Երևանում կհանդիպի նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկը խորհրդանշորեն զուգադիպում է մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ, որը բավականին մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանում: Այդ աղմուկը, որոշակիորեն տարօրինակ է այն տեսանկյունից, որ համանախագահները փաստացի չեն ասել որևէ նոր ու արտառոց բան, քան գործնականում ներկայացրել են այն իրավիճակը, որը եղել է նախորդ տարիներին, կարգավորման գործընթաց կոչվածի քսանհինգամյա պատմության մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ, ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը, Արցախյան պատերազմի վետերան, հետախույզ Վովա Վարդանովը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Ընդգծվում է Հայաստանի ռազմավարական անելիքը, այն է՝ եթե դուրս չգանք նախկին՝ Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից, շարունակաբար ունենալու ենք  խնդիրներ: Մենք գտնվում ենք ծուղակում՝ բովանդակային առումով, և մեր ռազմավարական խնդիրը այդ ծուղակից դուրս գալն է: Փաստացի մենք տեսնում ենք, որ սեղանին է հայտնվել և «բյուրեղացվել» մի փաստաթուղթ, որը մեզ հաղթող կողմից դարձնում է պարտվող կողմ, այսինքն՝ խաղաղություն, որը կառուցվում է մեր անվտանգության և շահերի հաշվին: Սա պատրանքային խաղաղություն կարող է լինել, և մեր խնդիրն է, որպես պետություն, պետականություն, այս ծուղակից դուրս գալ և փոխել տրամաբանությունը»,- նշեց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ քայլերը սկսել են իրականացվել:

«Միշտ պետք է հիշենք, որ Մինսկի խմբի համանախագահները դատավոր չեն, ովքեր որոշում են՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, այլ միջնորդ են, և նրանց խնդիրն է այնպես անել, որ բանակցային գործընթացը շարունակվի, և պետք է հավասարակշռություն պահեն կողմերի միջև», – ընդգծեց Մ. Զոլյանը՝ նկատելով, որ համանախագահների հայտարարության մեջ մի նախադասությունը հայամետ է, մյուսն Ադրբեջանի դիրքորոշումն է ավելի լավ արտահայտում և այդպես հաջորդաբար, միշտ փորձ է արվում տեքստերում հավասարակշռությունը պահել…

«Վարչապետն ունի լուրջ աջակցություն ժողովրդի կողմից, և եթե թիկունքդ պինդ է, կարողանում ես տեղ-տեղ նաև կոշտ լինել, եթե մենք մարտունակ բնակչություն ունենանք, (բանակի մասին չէ խոսքը) և վարչապետը կարողանա հանգիստ ասել՝ չեմ վախենում պատերազմից, դա կբերի դիրքերի ամրապնդմանը, վարչապետի բանակցային հիմքը ամուր կլինի և հեշտ չի լինի մեր վզին ինչ-որ սկզբունքներ փաթաթել»,- նշեց Վ. Վարդանովը:

Մանրամասն՝ տեսանյութում: