Գործը դատարանում կփլուզվի. փաստաբանը դժգոհ է Մասիսի քաղաքապետի և նրա եղբոր գործով նախաքննությունից

Նախօրեին ավարտվել է Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 10 հոգու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին։

Ըստ Քննչական կոմիտեի, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` մի խումբ քաղաքացիներ, նպատակ ունենալով խոչընդոտել 2018-ի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը, կազմել են խմբեր և դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով՝ բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ: Մասիսի քաղաքապետին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մեղադրանքը կապվում է անցած ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ, ըստ Քննչական կոմիտեի, մի խումբ անձինք, «բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել»։ Նրա եղբայրը մեղադրվում է նաև Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետը քրեական գործի հարուցումից հետո մի քանի անգամ կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Խափանման միջոցի փոփոխությունները, սակայն, բողոքարկվում էին դատախազության կողմից։ Ի վերջո, Դավիթ Համբարձումյանը վերջին անգամ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց և այսօր էլ գտնվում է ազատության մեջ և իրականացնում է քաղաքապետի լիազորություններ, թեև ժամանակ առաջ գլխավոր դատախազությունը կասեցրել էր քաղաքապետի նրա լիազորությունները։

Այս գործով մեղադրյալների շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ գործի նյութերը ստացել են դեռևս հունվար ամսվա վերջում, ծանոթացել են նյութերին, այս ընթացքում մի քանի միջնորդություններ են ներկայացրել, որոնք մերժվել են։ «Խայտառակ նախաքննություն է, ապացույցներ չկան, եղածն էլ կատարվել է ակնհայտ թերի։ Պարզված չեն դեպքի պատճառները, հետևանքները։ Առերեսման միջնորդություններ ենք արել, որոնք մերժվել են։ Ոչինչ չի արվել, քանի որ ցանկացած օբյեկտիվ քննություն կբերեր այս գործի կարճման։ Գործն ամբողջությամբ կտապալվի դատարանում, եթե դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը, և գործը գնա դատարան։ Իսկ եթե դատախազությունը խելամիտ գտնվի՝ առհասարակ չի հաստատի մեղադրական եզրակացությունը, և այս գործը կկարճվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աթանեսյանը։ Նրա խոսքերով՝ գործի հետևում կանգնած է իրավապահ մարմինների ցանկությունը՝ շողոքորթելու ներկայիս իշխանություններին։ «Չեմ կարծում, որ բարձրագույն իշխանության պատվերն է սա, այլ ընդամենը իրավապահները փորձում են լավը երևալ իշխանության աչքերում»,- նկատեց փաստաբանը։

Մեր դիտարկմանը՝ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր արարքը հաստատող բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում, Աթանեսյանը պատասխանեց, որ Դավիթ Համբարձումյանի մասով առհասարակ որևէ ապացույց չկա, իսկ նրա եղբոր մասնակցությամբ Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը «հիմարություն է, սովորական ծեծ է, խուլիգանություն չկա։ Ցուցարարների կողմից էլ են եղել հարվածներ, գույքի վնասում, որը իրավապահների կողմից անտեսվել է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործին, նկատեց, որ ամեն ինչից զատ, ամենակարևորը օբյեկտիվ և անաչառ քննությունն է։ «Ապացույցները պետք է լինեն հիմնավոր, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության բոլոր պահանջները պետք է ապահովված լինեն, որպեսզի շահարկումները առ այն, թե գործը շինծու է, պատվիրված է և այլն, հիմք չունենան։ Շատ պարզ բան է, որ եթե հիմնավոր կասկած կա, բայց ապացույցները բավարար չեն, մարդը չի կարող դատապարտվել, կամ մեղավոր ճանաչվել»,- ասաց Սաքունցը։
Անդրադառնալով մեղադրյալների պաշտպանի դիտարկումներին, իրավապաշտպանը նկատեց, որ նորմալ է, որ նա պետք է իր պաշտպանյալներին պաշտպանի, կարող է նրանց պաշտպանող հայտարարություններ անել, բայց կարևորն այն է, թե դատաքննության ժամանակ մեղադրանքը հիմնավորող ապացույցները ինչ բնույթի են լինելու, որքանով են փաստարկված լինելու։ «Բայց եթե այդքան ակնհայտ փաստարկների, տեսանյութերի պարագայում նախաքննական մարմինը չի կարողացել տուժածներին, վկաներին ամբողջությամբ բացահայտել, բազմակողմանի քննություն կատարել, ապա դա արդեն խոսում է նախաքննական մարմնի որակների մասին։ Առնվազն պետք է բացառիկ անգրագետ լինել, որ չկարողանալ հիմնավորել մեղքը։ Բայց ամեն ինչից զատ, արդարադատությունն ամեն ինչից բարձր է ու ամեն ինչից թանկ է»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Աղբյուրը՝ 1in.am