Դանդաղ գործողության ռումբ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար

Արտախորհրդարանական թվով տասը ուժեր պատրաստվում են համաժողովրդական հարթակ ստեղծել՝ միավորվելով «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ: Հանրությանը հիմնականում անհայտ և միայն խորհրդարանական վերջին ընտրություններին մեխանիկական մասնակցությամբ հայտնի այս ուժերի ներկայացուցիչները համարում են, որ հեղափոխության արդյունքում պետք է փոխվի նաև սահմանադրական կարգը: Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսում այս միավորման անդամները՝ դեռ հայտնի չէ: Ոչ էլ իրականում կարևոր: Որովհետև կարևոր է ոչ թե նրանց առաջարկածը, այլ գործողությունների մոտիվացիան, այն շարժառիթները, որոնք դրդել են այդ ուժերին գնալ նման միավորման: Ամենամեծ շարժառիթը քաղաքական լուսանցքից դուրս գալու, քաղաքական գործընթացներին այս կամ այն չափով ներգրավվելու հեռանկարն է:

Այս միավորման անդամներին ըստ ամենայնի ոգեշնչել է նաև այն հաշվարկը, որ գործող իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է դիմակայության նոր ձևաչափ՝ դիմակայության իրական՝ խորհրդարանական ձևաչափը փոխելու, պառլամենտական ընդդիմության կայացումը թույլ չտալու համար: Սահմանադրական փոփոխություններն այդ իմաստով կեղծ քաղաքական օրակարգ են: Կեղծ, բայց տարողունակ: Կարելի է ամիսներ շարունակ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել, բանավիճել Սահմանադրության այս կամ այն նախագծի շուրջ՝ ցույց տալ, որ գործընթացները ծավալվում են իշխանության ու այդ ուժերի միջև:

Նշված տասը ուժերին զուգահեռ՝ առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի՝ ՀԱԿ-ի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ու կիսանախագահական կառավարման կարգի անցնելու առաջարկը: Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն այդ առաջարկին դեռևս հայտնի չէ, սակայն իշխանության տարբեր պաշտոնյաներ արդեն երկու օր է՝ հայտարարում են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն են, պարզապես իրենք դեռևս չեն հստակեցրել օրակարգը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հակված է մտնել սահմանադրական փոփոխությունների հարուցման գործընթացի մեջ, և որքան շատ ուժեր մասնակցեն դրան, այնքան խաղն ավելի բազմազան կլինի: Դա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա ժամանակ շահել, մյուս կողմից՝ հանրության ուշադրությունը շեղել իրական խորհրդարանական ընդդիմությունից՝ «Լուսավոր Հայաստանից», որի նկատմամբ իշխանության թշնամանքն ավելանում է ամեն օրվա հետ:

Խնդիրն այն է, սակայն, որ խորհրդարանական ընդդիմության դեմոնիզացիան, ինչին ակնհայտորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանը, ժամանակի ընթացքում ապալեգիտիմացնելու է գործող խորհրդարանը: Հեռանկարում դա կարող է հանգեցնել Ազգային ժողովի լուծարմանն ու խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման անայլընտրանքայնությանը: Իսկ այդ դեպքում գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը վստահաբար 88 պատգամավոր չի կարող ունենալ Ազգային ժողովում: Ճիշտ հակառակը՝ նոր ընտրությունները կարող են վտանգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ դրանց կարող են մասնակցել ու հաղթել ոչ միայն սահմանադրական կեղծ օրակարգ ներկայացնողները, այլ նաև հակահեղափոխական ուժերը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրացումն ու մրցունակության բարձրացումը կարող է տեղի ունենալ միայն իրական ընդդիմության կայացման պարագայում: Խորհրդարանական ուժեղ ընդդիմությունը ուժեղ իշխանության գրավականն է: Իշխանությունը, սակայն, կա՛մ չի գիտակցում, կա՛մ չի ցանկանում գիտակցել դա և այլակարծությունը, ընդդիմախոսությունը դարձրել է թշնամանքի առարկա:

Հայաստանում առկա են կուտակված բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ, Հայաստանը ամենօրյա աշխատանքի, նորարարության ու ստեղծարարության կարիք ունի, նոր որակի պետություն դառնալու անհրաժեշտություն ունի: Այս և բազմաթիվ այլ խնդիրներ իշխանությունից պահանջում են նոր ռազմավարություններ, նոր հայեցակարգեր ու նոր գաղափարներ: Բացի այդ, զուգահեռաբար հասարակությունը դուրս է գալիս էյֆորիայից և սկսում է մտածել, մտածելով՝ սկսում է հարցեր առաջադրել, իսկ հարցեր առաջադրելով՝ սկսում է պահանջներ ներկայանցել: Դրան ի պատասխան իշխանությունը կա՛մ պետք է աշխատի, կա՛մ պետք է ստեղծի կեղծ օրակարգեր ու հասարակության ուշադրությունն ուղղի դրանց վրա: Ակնհայտ է, որ իշխանությունն ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ աշխատանքի համար չունի ո՛չ գաղափարական ու ծրագրային, ոչ էլ կադրային պահանջվող ու անհրաժեշտ ռեսուրսներ:

Ամենայն կեղծիք ունենում է ժամանակավոր բնույթ: Կեղծիքները վաղ թե ուշ բացահայտվում են: Կեղծ օրակարգերը՝ նույնպես: Տուրք տալով սահմանադրական փոփոխությունների կեղծ օրակարգին՝ հանուն ընթացիկ խնդիրների լուծման, Նիկոլ Փաշինյանը ռումբ է դնում իր իսկ իշխանության տակ, որի պայթյունից տուժելու է ոչ միայն իր իշխանությունը, այլ նաև պետությունն ու հասարակությունը:

Աղբյուրը՝ 1in.am