Վարչապետի 15 քայլը. ընթացիկ աշխատանքներ, որոնք, այսպես թե այնպես, պիտի արվեն

Կառավարության անցած նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հռչակած տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկը։ Հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց խթաններն ապշեցնող են։

Խոսքը միջոցառումների մասին է, որոնց մեծ մասն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է կապել տնտեսական հեղափոխության հետ։

Դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք, այսպես թե այնպես, պիտի արվեն։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ամեն ինչում սկսել է հեղափոխություն փնտրել։

Որտե՞ղ է ներկայացված ներդրումային առաջարկների վերանայման և գույքագրման, դրանց իրականացման հետ կապված խնդիրների բացահայտման, տեղեկատվության համակարգման կապը տնտեսական հեղափոխության հետ։ Տպավորություն է, որ, եթե տնտեսական հեղափոխություն չհռչակվեր, այդ նույն աշխատանքները չպիտի իրականացվեին։ Առավել ևս, որ ներդրումների հետ կապված անմխիթար իրավիճակը եղել և շարունակում է մնալ նաև իշխանափոխությունից հետո։

Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում համոզել օտարերկրյա ներդրողներին՝ գալ և ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ արտաքին կապիտալի հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ խիստ ցածր են։ Անգամ կոռուպցիայի դեմ սկսված պայքարը և տնտեսության ապամենաշնորհացումը, որոնք տարիներ շարունակ ընդունված էր համարել ներդրումների ներգրավման հիմնական խոչընդոտները, չփոխեցին իրավիճակը։

Ու հիմա կառավարությունը մտածում է՝ ստեղծել հիմնադրամ, որը պետք է զբաղվի ներդրումների գեներացմամբ։ Որպես այդպիսին, անշուշտ, կառավարությունը հեծանիվ չի հայտնագործել։ Այդ գաղափարը նախկինում ևս տարբեր ձևաչափերով շրջանառվել է։

Ավելին, նույնիսկ գործնական տեսք է ստացել՝ «Համահայկական բանկի» ստեղծման տեսքով։ Վերջինս պիտի զբաղվեր արտաքին ու ներքին հատվածից ֆինանսական միջոցների ներգրավմամբ և տնտեսական կարևոր ու ռազմավարական ծրագրերի իրականացմամբ։

Հիշեցնենք, որ «Համահայկական բանկը» ստեղծվեց Կենտրոնական բանկի ուղղակի մասնակցությամբ։ Ներդրվեց 20 մլն դոլար։ Բայց մի քանի տարվա գործունեության ընթացքում այն այդպես էլ չկարողացավ ֆինանսական միջոցներ ներգրավել քիչ թե շատ նշանակալի տնտեսական ծրագրեր իրականացնելու համար։ Հինգ-վեց տարվա ընթացքում ֆինանսավորվեցին հազիվ մեկուկես-երկու տասնյակ ծրագրեր՝ մի քանի մլն դոլար արժողությամբ։

Երկու տարի առաջ բանկը դադարեց գործել՝ այդպես էլ շոշափելի արդյունք չտալով։

Հիմա էլ իր բախտն է ուզում փորձել նոր իշխանությունը։ Իհարկե, այս դեպքում «Համահայկական բանկը» դարձել է ներդրումային հիմնադրամ։ Թեև դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում՝ նպատակը նույնն է մնում։

Ի՞նչ կստացվի այս անգամ, ցույց կտա ժամանակը։ Կառավարությունը հույսը դրել է թավշյա հեղափոխության, այսպես ասած, համաշխարհային հեղինակության վրա, որը, սակայն, առայժմ ոչնչով չի արդարացնում սպասելիքները։ Դատելով նրանից, թե այսքան ժամանակ ներդրողները որքանով ոգևորված եկան Հայաստան, այնքան էլ հավանաբար կմասնակցեն ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմանը։

Ինչևէ, առայժմ կառավարությունը կարծես չի շտապում բացել հիմնադրամի ձևավորման մանրամասները։ Հայտնի չեն նաև այն մոտավոր ժամկետները, թե ե՞րբ է սպասվում դրա գործունեությունը և ի՞նչ ձևաչափով։ Բոլոր դեպքում՝ նպատակները պարզ են։ Մնում է սպասել, թե այն ե՞րբ կյանքի կկոչվի և ինչքանո՞վ կարդարացնի ակնկալիքները։

Մինչ արտաքին ու ներքին հատվածում ներդրումային ակտիվություն չկա, առայժմ կառավարության հույսը վարկերն են։ Բայց վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Առավել ևս, այն վարկային պայմաններով, որոնք գործում են Հայաստանի բանկային համակարգում։ Ու որքան էլ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության խթանման 15 քայլերից մեկը բանկային տոկոսադրույքների նվազեցման հետ է կապված, այստեղ մեծ ակնկալիքներ չեն կարող լինել։ Անհնարին է անվերջ նվազեցնել վարկերի տոկոսները։ Այլապես դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ֆինանսական և բանկային համակարգի կայունության համար։

Փողի գինը Հայաստանում թանկ է, բայց դա չի նշանակում, թե կարելի է արհեստական միջամտություններով այն անընդհատ էժանացնել։ Դրա համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք կապված են բազմաթիվ գործոնների հետ։

Վարչապետն առաջարկում է լուծել գազի, ջրի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը։ Բայց մոռանում է, որ բիզնեսին ավելի շատ դրանց մատչելիության, քան թե հասանելիության խնդիրն է անհանգստացնում։ Խոսքը հատկապես էներգակիրների մասին է, որոնք Հայաստանում թանկ են և ոչ նպաստավոր բիզնեսի համար։ Ընդհակառակը` այս առումով առաջիկայում սպասվում է նոր թանկացում` կապված ռուսական գազի ներմուծման գնի բարձրացման հետ։ Կառավարության խնդիրն է` մտածել, թե դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ` հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության համար։

Որքան էլ կարող է տարօրինակ լինել, տնտեսությունը շրջելուն ուղղված վարչապետի 15 քայլում որևէ խոսք չկա այնպիսի կարևոր գործոնների մասին, ինչպիսիք են` տնտեսության արտադրողականության բարձրացումը, կապիտալի շուկայի ձևավորումը, ներդրումների կամ սեփականության իրավունքի պաշտպանությունը, հարկային դաշտի պարզեցումը և բեռի նվազեցումը, արտահանման համար խթանների ստեղծումը, ենթակառուցվածքների և հաղորդակցության հասանելիությունը, ներմուծման փոխարինումը և բազմաթիվ այլ առաջնահերթությունների հետ կապված խնդիրների լուծումը։

Փոխարենը` տնտեսական հեղափոխության իրականացման գործում, պարզվում է՝ այդքան կարևոր է աշխատատեղերի հաշվառումը կամ այն մարդկանց բացահայտումը, որոնք ամսական 100 հազար դրամից ավելի վարկ են սպասարկում և միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից։

Ինչպե՞ս կարելի է տնտեսական հեղափոխություն ասվածն այսքան արժեզրկել և իջեցնել այդ մակարդակին։ Կառավարությունը շատ ավելի լուրջ անելիքներ ունի` հռչակած նպատակի իրականացման ճանապարհին։ Պետք է մտածել դրանց մասին, և ոչ թե՝ առօրյա, ընթացիկ հարցերը դարձնել քննարկման առարկա` փորձելով այդ ձևով հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, որ կառավարությունն ամբողջ թափով լծվել է տնտեսական հեղափոխության իրականացման գործին։

Աղբյուրը՝ 168.am