Իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն և աշխատեն, ոչ թե շոու կազմակերպեն ԱԺ-ում. Գ. Գորգիսյան

Ինչպես ՀՀԿ-ականներն էին ասում, «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք», և գիտենք՝ ինչ ենք անում. եթե նման կերպ շարունակի շարժվել ներկայիս քաղաքական մեծամասնությունը, ապա վերջը կլինի նույնը, ինչ եղավ ՀՀԿ-ի դեպքում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկմանը ԼՀԿ-ի սուր քննադատությունից հետո վարչապետի կոշտ արձագանքին:

«Ես կարծում եմ, որ մեր երկիրը նման  ռեսուրս, համբերություն ու ժամանակ չունի՝ նման պրոցեսներով անցնելու, և դրա համար իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն և աշխատեն, ի վերջո, ինչի համար իրենք ստացել են քաղաքացիների ձայները, այլ ոչ թե շոու կազմակերպեն ԱԺ-ում»,- ասաց նա:

Սոցհարթակներում ԼՀԿ-ի դեմ սկսված արշավը, Գորգիսյանի գնահատմամբ, ուղիղ կապ ունի ԱԺ հարթակում տեղի ունեցած քննադատությունների արձագանքի հետ: «Ձևը, որ պետք է օրինակ ծառայեր, որ ընդդիմությանը պետք է վերաբերվել հանդուրժողաբար, քննադատությանը վերաբերվել հանդուրժողաբար, լսել քննադատությունները, դրանից հետևություններ անել, դա հենց ԱԺ-ի հարթակն էր, որտեղ էլ պետք է ցույց տրվեր, մինչդեռ Կառավարության ծրագրի քննարկմանը դա ցույց չտրվեց, և դեռ ընդհակառակը՝ օրինակ ծառայեց, որ պետք է գոռալ ընդդիմության վրա, մատ թափ տալ, «մուննաթ» գալ, և կարծում եմ՝ բնական է, որ սոցհարթակներում նույնիսկ ընդդիմությանն ասֆալտին փռելու կոչեր  են հնչում: Ես կարծում եմ՝ սա մեզ շատ վատ տեղ է տանելու, որովհետև նման իրավիճակ մեկ էլ 30-ականներին է եղել մեր երկրում, նման անհանդուրժող վերաբերմունք այլախոհության և այլակարծության նկատմամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով  այն դիտարկումներին, թե ԼՀԿ-ի քննադատություններն անհիմն են և ոչ ռացիոնալ, ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նման տեսակետ հայտնողները կա՛մ չեն լսել իրենց ելույթները, կա՛մ չեն հասկացել՝ իրենք ինչ են ասում:

Հարցին, թե հաշվի առնելով, որ Կառավարության ծրագիրն ընդունվեց ընդդիմադիր երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի «դեմ» քվեարկությամբ, կարելի՞ է ենթադրել, որ ծրագիրը լայն հասարակական աջակցություն չունի, Գորգիսյանը պատասխանեց, որ լայն  հասարակության մասին խոսել չեն կարող, կարող են միայն ընդդիմության անունից խոսել, թեև, ըստ նրա, ծրագիրը նաև հասարակական սեկտորի՝ ՀԿ-ների հետ էլ նախապես չի քննարկվել, և դա վատ ավանդույթի սկիզբ է:

Միաժամանակ նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ հանրությունը կիսում է իշխանությունների կարծիքը՝ իրենց թիրախ դարձնելով: Պատգամավորը նշեց, որ պետք չէ շփոթել հանրությանը ֆեյսբուքահայության հետ: Ըստ նրա՝ թերևս պատճառն այն է, որ ԼՀԿ-ն չունի ռեսուրս և մտադրություն պահելու ֆեյքերի հսկա բանակ: «Այլ ուժերը օգտագործում են այդ ամեն ինչը, այսպես ասած  ֆեյսբուքյան կամ սոցմեդիաներով կարծիք ձևավորելու համար, բայց դա բնավ հանրության կարծիքը չէ, հարցում կազմակերպե՛ք և կտեսնեք, որ հանրության կարծիքը չի կարելի նույնականացնել ֆեյքերի ձևավորած կարծիքի հետ»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում հետագա աշխատանքը իշխանության հետ, և թե ինչքանով կառուցողական այն կստացվի, ասաց, որ առաջին փորձն ընդդիմության ձայնը լսելու համար նրանք տապալեցին: «Բայց առաջիկայում լինելու են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ:«Առաջիկայում սպասվում են և՛ Կառավարության կառուցվածքը, և՛ Հարկային օրենսգիրքը, կտեսնենք, թե այդ ժամանակ ինչքանով են պատրաստ լսել ընդդիմության ձայնը, հետագա քայլերը ցույց կտան, որովհետև դեռ 5 տարվա աշխատանք է մեզ սպասվում, և մենք դեռ պետք է կարողանանք միասին աշխատել»,- ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am