Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ. վարչապետի խորհրդականի արձագանքը՝ Վլադիմիր Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հարցադրումները և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած աղմկահարույց հայտարարությունը՝ «մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք», հարուցել է Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և համակիրների վրդովմունքը: Երեկ Սրբուհի Ղազարյանի հարցադրումներին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: «Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- հավելել էր Փաշինյանի խոսնակը: Թեմայի առնչությամբ կայքը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ նման գրառում կատարեցիք և արդյոք նկատողություն ստացել եք կառավարության ղեկավարից:

– Ոչ մի պատճառ չկա, ես դիրքորոշում չեմ արտահայտել, հարցեր եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, երեք հարց, ևս մի քանիսն ունեմ: Երբ նորանկախ Հայաստանի երկրի ղեկավարը կպատասխանի իմ սերնդակիցներին, գուցե դիրքորոշում հայտնեմ, իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, կրկին ասում եմ՝ գուցե ես դիրքորոշում հայտնեմ, հետո՞ փորձենք հասկանալ՝ այն համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ: Դա ընդամենը երեք հարց էր իմ սերնդակիցների կողմից:

-Բայց ձեր հարցերում կային մեղադրանքի տարրեր, չե՞ք կարծում:

-Բացարձակ, ընդամենը հարցեր են, որոնք տանջում են հայ ազգին 25-27 տարի:

-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն իր խոսնակի միջոցով արձագանքեց, եթե դիրքորոշում չկար և ընդամենը հարցեր էին:

-Փորձեք կառավարության խոսնակին հարցնել, վարչապետի կողմից, կարծեմ, արձագանք չի եղել։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ի համախոհները նման կերպ արձագանքեցին, կարծում եմ՝ պետք է փորձենք առերեսվել մեր պատմության հետ: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի արձագանքին, գուցե ճիշտ կլիներ սպասել, որ ես դիրքորոշում հայտնեի: Ես դիրքորոշում չեմ հայտնել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ:

-Դուք համաձա՞յն եք Սոֆյա Հովսեփյանի այն մտքի հետ, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

-Միանշանակ, ես ինքս այդ ընտանիքի անդամ եմ, այդ պրոցեսի զոհը: Հայրիկիս ֆաբրիկան ևս պայթեցվել է, բայց դա առանձին թեմա է, ժամանակը կգա, գուցե խոսենք:

-Ձեզ շատերը քննադատեցին, անգամ ձեզ աշխատանքից հեռացնելու կոչեր էին հնչում:

-Գրառումս երեք հարց է պարունակում, եթե իրենք վախենում են հարցադրումներից, դա իրենց խնդիրն է: Ես 27 տարի է՝ հարցեր ունեմ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին: Առաջին նախագահին հարցերս ձևակերպել եմ, թե իրենք ինչ կարծիք ունեն՝ իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է ինձ՝ աշխատանքից ազատել-չազատելուն, ապա դրա որոշողը ՀՀ վարչապետն Է:

-Նիկոլ Փաշինյանը ձեզնից պարզաբանումներ պահանջե՞լ է:

-Այն, ինչ ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր՝ նույնպես:

-Այդ դեպքում ի՞նչ պարզաբանումների մասին է խոսքը, չէ՞ որ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ վարչապետը ձեզնից պարզաբանում է պահանջել:

-Կարող եք իրեն հարցնել, ես Վլադիմիր Կարապետյանին անձամբ չեմ էլ ճանաչում, ինքը նոր է նշանակվել:

factor.am

factor.am