«Պաշտոնյան չի կարող նախկինի պես Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել». Նիկոլ Փաշինյանը՝ իր ակտիվիստ թիմակիցներին

«Այսօր մենք ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում ա, թե ինքը պետք ա գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Էս ավելի շատ վերաբերում ա մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն ա, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես, ճիշտ ա, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ էն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս ա, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը չի կարող այլևս հանդես գալ այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ծախված է մութ ուժերի: Պարզապես, ըստ նրա, իր կարգավիճակն է փոխվել:

«Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պրոբլեմ է:

Նա նշեց, որ պաշտոնյան չի կարող նախկինի պես Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել, որովհետև այդ ստատուսը դատական գործի ժամանակ բողոքարկման կոնկրետ հիմք կդառնա: Վարչապետը հայտարարեց, որ սա չի կարող այդպես շարունակվել, և պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացվեն. «Պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորի համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի՝ առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման»:

Նա անդրադարձավ նաև պետական համակարգում աշխատավարձերի ցածր լինելու, ծրարով հավելավճարների բացակայության և ՊԵԿ-ում պարգևավճարների խնդրին: Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս պետք է հարկային տեսուչները հարկեր հավաքեն, երբ զրկվել են իրենց կողմնակի եկամուտներից: Ըստ նրա՝ հակահեղափոխության առաջին օղակը հենց այդտեղ է եղել:

«Ասում է՝ չեմ հավաքում հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը մորուքավորների չկարենա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարենա թոշակներ վճարի, չկարենա աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջիայլոց հակահեղափոխություն որ ասում են, էդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018թ. մայիսից առաջին խնդիրը, և սա ասում եմ՝ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք համենայն դեպս ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենաառաջին խնդիրը եղել է, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև էդ համակարգում 90%-ով, իրենց պատկերացմամբ, եղել են իրենց մարդիկ:

Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք մարդիկ նույնիսկ քիչ, բայց ստանում էին թոշակ, իսկ եթե հանկարծ նոր կառավարությունը չկարողանար թոշակ վճարել, կտապալվեր: Նրա համոզմամբ՝ ոմանք աշխատում էին այդ սցենարի վրա:

Աղբյուրը՝ 168.am