Փաշինյանին պակասում է երկու բան՝ փորձ ու փող. Լապշին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, Tert.am-ին տված հատուկ հարցազրույցում պատմել է ընտանիքի, հայկական ու հրեական սփյուռքի, Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքի, հայաստանյան զբոսաշրջության, հայերեն իմացած «միակ» բառի ու անգամ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

Հենց սկզբից բլոգերն անկեղծանում է՝ Ադրբեջանի մասին բացասական մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով հայ լրագրողների տված հարցերը մի փոքր հոգնեցրել են:

Թեև ակամայից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեմայի կիզակետում հայտնված իսրայելցի բլոգերն ի սկզբանե հայերի ու Հայաստանի հետ որևէ կապ չի ունեցել, նրա ընտանիքի պատմությունը քիչ է տարբերվում շատ հայերի պատմություններից:

«Պապս Վիլնյուսից է, նա ուներ 3-4 եղբայր և քույր, և բոլորը, բացի նրանից, մահացան: Բոլորին տարել են գնդակահարելու, լցրել են փոսն ու թաղել: Դե գիտեք, մինչ պատերազմը Վիլնյուսը կիսով չափ հրեական քաղաք էր: Մյուս ազգականներս Լեհաստանից էին՝ Կրակովից, մի մասն էլ Լվովից, պատերազմի հենց սկզբում՝ 1941 թվականի հունիսին, քաղաքի հրեա բնակչությանը հրամայել են դուրս գալ իրենց իրերով ու դուրս են տարել, ոչ ոք չգիտի անգամ՝ ինչպես դա պատահեց, ուր տարան, ինչպես սպանեցին»,- պատմում է իսրայելցի բլոգերը՝ նկատելով, որ իրավիճակը շատ ծանոթ կարող է թվալ բազմաթիվ հայերի:

Ավելի ուշ Լապշինների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանում:

«1940-ին, երբ ԽՍՀՄ-ն գրավեց Մերձբալթյան երկրները, պապս մոտ 20 տարեկան էր, նա գնաց սովորելու Լենինգրադ, հետո մասնակցել է պատերազմին, Լենինգրադյան բլոկադայի ժամանակ վիրավորվել է, տարել են այլ վայր հոսպիտալ, այնտեղ էլ ծանոթացել է տատիկիս հետ»:

Աղբյուրը՝ 168.am