«Պարոն վարչապետ, այդ գինին ուղղակի ձևական է արտահանվել՝ ցույց են տվել արտահանում, բայց վաճառք չկա». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը զարմացած է գյուղատնտեսության ոլորտում կառավարության վարած քաղաքականության վրա: Ըստ նրա, այդ ոլորտը ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք ընդհանրապես նպատակ չունեն՝ բնագավառը զարգացնելու համար «մատը մատին տալ»։

«Եթե այսպիսի քաղաքականություն է տարվում, խոսք չի կարող լինել գյուղատնտեսության զարգացման մասին։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից անսահմանափակ գինի է արտահանվել, բայց պարոն վարչապետ, այդ գինին ուղղակի ձևական է արտահանվել, այսինքն՝ Երևանի պահեստներից տեղափոխել են Մոսկվայի պահեստներ։ Ցույց են տվել արտահանում, բայց վաճառք չկա։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է գինեգործությունը համարել ստրատեգիական ուղղություն, այս ամենն ուղղակի ծիծաղելի է, քանի որ դա կարող է լինել միայն ուղղություններից մեկը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իշխանությունների վարած քաղաքականությանը։

Խոսելով Հայաստանում լոգիստիկ կենտրոններ հիմնելու նախաձեռնության մասին, որն իրականացնելու համար Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն էր հայտնել կատարել խոշոր ներդրում, և որի համար վերջերս Հայաստան էր ժամանել ռուսական պատվիրակություն՝  ՌԴ նախագահին կից Տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը հայկական կողմի «թեթև ձեռքով» սառեցվել է։

«Հայաստանում այն հանդիպումները, որոնք ունեցավ ռուսական պատվիրակությունը, այդքան էլ նրանց չբավարարեցին։ Այն գաղափարը, որ Հայաստանն Արևելքի երկրների համար կարող էր դառնալ միջանցք, մերոնք կա՛մ չեն ցանկանում ըմբռնել, կա՛մ չեն հասկանում։ Գուցե այս մարդիկ ժամանակավոր են, և այս ամենի վերջը շատ արագ կգա, այսինքն՝ մեկ օրով են աշխատում, էլի, «թիթեռնիկներ» են, կամ էլ՝ պատասխանատվություն չունեն, վաղվա օրվա մասին չեն մտածում։ Բայց մեկ բան հաստատ է, եթե նախորդ երեք նախագահները խաղաղ գնացին, ապա ժողովուրդն այս վերջինին չի ների»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Աղբյուրը՝ 168.am