Իշխանության նվերը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Մենք առաջարկել էինք, որպեսզի բաշխումը լինի արդարացի և սկզբունքների կիրառմամբ»,- անդրադառնալով ԱԺ խորհրդի կողմից հաստատված խորհրդարանական պատվիրակությունների կազմին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Չի կարող որևէ պատվիրակություն ներկայացնել երկիրը՝ առանց խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավման, և երկրորդ՝ որ հանրապետական սկզբունքներին պետք է վերջ տրվի, թե՝ մենք շատ ենք, ուրեմն պետք է շատ լինենք, ով շատ է՝ նա է որոշում, ժողովուրդն է որոշել և այլն»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում չի հաջողվել գալ կոմպրոմիսի. «Որովհետև ինչ-որ պահի ասացին՝ մենք ձեզ զիջում ենք, լավություն ենք անում և մեկ տեղ կտանք, ընդ որում՝ այն տեղը, որը որ մերն էր. այսինքն՝ վերցրել էին, որ նորից ծախեին մեզ վրա: Եվ արդյունքում մենք դեմ եղանք այդ բաշխմանը»: Մարուքյանը հետաքրքիր է համարում հատկապես այն հանգամանքը, որ իշխանության կողմից ներկայացվում է, թե այս ամենը ժողովուրդն է որոշել. «Չգիտեմ՝ գուցե հարցնե՞նք ժողովրդին, բայց ես կարծում եմ, որ սա սխալ աշխատաոճ է, ինչը շարունակելու դեպքում մենք չենք կարող առողջացնել քաղաքական համակարգը»:

Առանձին վերցրած, այս էպիզոդը բացահայտում է այն արատավոր իրավիճակը, որն առաջացել է նոր իշխանության ձևավորումից ընդամենը երկու ամիս անց։ Սա 70 տոկոսանոց իշխանություն ունենալու գինն է, որն արտահայտվում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար, ամբողջատիրական դրսևորումներով։ «Ինչ կուզենք՝ կանենք»,- սա է իշխանության բանաձևը, որով նրանք գործում են գրեթե բոլոր ոլորտներում ու գրեթե բոլոր հարցերի հետ կապված։ Նույն երևույթի դրսևորումն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությունը, որ կառավարության կառուցվածքի վերաբերյալ արդեն վերջնական որոշում է կայացվել՝ կառավարությունը բաղկացած կլինի 12 նախարարություններից։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ուժերի, հանրային կարծիքի արհամարհում։ Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին, այդ հարցը դարձավ հանրային-քաղաքական ակտիվ քննարկումների առարկա, հնչեցին առավելապես քննադատական մոտեցումներ հատկապես Սփյուռքի, մշակույթի նախարարությունների լուծարման առնչությամբ։ Մի կողմից բազմաթիվ սփյուռքահայեր, մյուս կողմից՝ մշակույթի ու արվեստի բազմաթիվ գործիչներ կտրականապես դեմ են այդ հեռանկարին։ Սակայն քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ, քանի որ քննարկման մյուս սուբյեկտը՝ իշխանությունը դրանց չէր մասնակցում։ Այն ընդամենը լուռ հետևեց այդ քննադատություններին և կայացրեց այն որոշումը, որի մասին հայտնի էր դեռ երկու ամիս առաջ։ Այս ընթացքում կառավարությունը գործեց և գործում է թերի, կիսատ ռեժիմով. 5 նախարարություններ դե յուրե գոյություն չունեն, դե ֆակտո դրանք ղեկավարվում են փոխնախարարների կողմից։ Այսինքն`տևական ժամանակ երկիրն ապրում է հակահամակարգային, հակաինստիտուցիոնալ մթնոլորտում, և իշխանությունն այդ ամենին արձագանքում է ընդամենն արհամարհանքով։ Սա, կրկնում ենք, հակահամակարգային, հակաինստիտուցիոնալ վիճակի հետևանքն է, որի մասին խոսել է նաև Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իշխանության այս աշխատաոճի շարունակության դեպքում հնարավոր չէ առողջացնել քաղաքական համակարգը։ Դա կարևորագույն խնդիր է, որի լուծումը փաստորեն չի բխում իշխանության շահերից։ Հեղափոխությունը լայն իմաստով ջնջել է քաղաքական համակարգը, և դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո այն, ըստ էության, պետք է կայանա գրեթե զրոյական վիճակից։ Մակերեսային ընկալմամբ՝ իշխանությանը ձեռնտու չէ քաղաքական համակարգի առողջացումն ու կայացումը, քանի որ դա ստեղծելու է հակակշիռների գործուն համակարգ, ինչն էլ դառնալու է իշխանության վերահսկողության միջոց։ Ավելի խորքային իմաստով, քաղաքական համակարգի կայացման առաջին շահառուն իշխանությունը պետք է լինի, քանի որ հակառակ պարագայում գործընթացները տեղափոխվելու են Ազգային ժողովից դուրս՝ նախկին համակարգի մնացուկների և մարգինալ ուժերի շրջանակ։ Այսինքն՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, իշխանությունն իրականում մեծ նվեր է մատուցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Սասնա ծռեր»-ին ու մյուսներին։ Մատուցում է՝ գիտակցելով, թե ոչ, որ դա վտանգավոր կարող է լինել ոչ միայն իշխանության, այլ նաև պետության համար։

Հեղափոխությունն ինքնին հակահամակարգային սուբստանցիա է, այն ըստ էության չի ճանաչում ոչ մի համակարգ, բացի ինքնին հեղափոխությունից։ Հեղափոխությունը, որպես ակտ, Հայաստանում տեղի է ունեցել ապրիլին, բայց փաստորեն շարունակվում է մինչև այսօր՝ թույլ չտալով պետության կենսագործունեության համար կարևոր կառուցակարգերի, առաջին հերթին քաղաքական համակարգի առողջացումն ու կայացումը։

Աղբյուրը՝ 1in.am