«Իմ քայլի» «սերժական» պատասխանը

«Որևէ մեկը իրեն լիազորված իրավունքները չի գերազանցել, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով է տեղի ունեցել այդ ամենը»,- անդրադառնալով մարզպետների պարգևատրմանն ուղղված քննադատություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը՝ մարզպետները պարգևատրել են նաև հենց իրենք. իրե՞նք են իրենց աշխատանքը բարձր գնահատել, Մակունցը արձագանքել է. «Օրենքը թույլ է տալիս դա անել: Բոլոր կառույցներում կա նման ընթացակարգ, երբ ուղղակի դա իրավաչափ է եղել»:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը չի համաձայնել այն մտքի հետ, թե քանի որ այժմ կոռուպցիա չկա, մարզպետները փորձում են այս կերպ բյուջեի, հարկատուների հաշվին իրենց թույլ տալ շռայլություններ:

Մակունցի ստանդարտ պատասխանը սոցիալական ցանցերում դժգոհության ավելի մեծ ալիք է բարձրացրել, որովհետև մարզպետների, մեղմ ասած, սխալ որոշումները փաստորեն արդարացվում են քաղաքական ղեկավարության մակարդակով։ Սա ինքնին ենթադրում է, որ գործ ունենք տարածքային կառավարման ղեկավարների ոչ թե ինքնուրույն որոշումների, այլ կառավարության հետ համաձայնեցված, այսպես կոչված՝ «պրեմիայի» համակարգի հետ։

Սա այն դեպքերից մեկն է, երբ իշխանությունը՝ օգտվելով օրենսդրական անկատարությունից, պետական միջոցների հաշվին եկամուտներ է ապահովում յուրային պաշտոնյաների, ծառայողների համար։ Երևույթն ինքնին կոռուպցիոն է, ու հնչող արդարացումները միայն բարդացնում են վիճակը։

Ակնհայտ է, որ ընդամենը մի քանի ամիս աշխատած մարզպետները կամ նրանց ենթակաները չէին կարող ստանալ, այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձ։ Հենց «13-րդ» արտահայտությունը հուշում է, որ պաշտոնյան կամ ծառայողը որոշակի անընդհատականությամբ, այսինքն՝ գոնե մեկ տարի պետք է այդ գերատեսչությունում աշխատած լինեն։

Սակայն հարցն ունի այլ բաղադրիչ ևս։ Խրախուսման այս համակարգն ակտիվորեն բանեցվել է նախկին իշխանությունների կողմից յուրայիններին քաջալերելու համար ու տրամաբանական էր ենթադրել, որ նոր Հայաստանում այս հոռի երևույթը տեղ չի ունենալու։ Երբ նոր Հայաստանում գովազդվում է տրանսպորտով՝ նախարարի, կամ հեծանիվով՝ վարչապետի գործի գնալը, ապա հանդիպում ենք «պրեմիայի» երևույթին, մեղմ ասած, հասարակությունը հասկանում է, որ նոր իշխանության ներկայացուցիչներն օգտվում են եկամուտներ ստանալու բոլոր հնարավոր լեգալ միջոցներից ու հասարակության աչքին թոզ են փչում՝ զբաղվելով էժանագին PR-ով։

Լիլիթ Մակունցն ասում է, որ պարգևավճարները տրվել են օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ մարզպետները գործել են իրենց լիազորությունների շրջանակում։ Ֆորմալ տեսանկյունից՝ գուցե նույնիսկ այդպես է, սակայն ո՞ւր մնացին հեղափոխության օրակարգն ու համատեքստը, ժուժկալ ու համեստ կյանքով ապրող նոր պաշտոնյայի կերպարն ու նոր Հայաստանի իմիջը։

Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանին հարցրել էին խորհրդարանում ներկայացված օլիգարխների մասին, այն օրերի նախագահն ասել էր, որ ոչ մի օրենք չի խախտվել, «թղթերով ամեն ինչ նորմալ է»։ Սարգսյանի ակնարկն այն էր, որ պատգամավոր օլիգարխներից որևէ մեկի ակտիվում ֆորմալ առումով բիզնես գրանցված չէ։ Մակունցի այսօրվա պատասխանը շատ նման է Սերժ Սարգսյանի պատասխանին, իհարկե՝ մի տարբերությամբ․ Սարգսյանն իրեն կույսի տեղ չէր դնում ու չէր զարմանում, որ իրեն օլիգարխների մասին հարց են տալիս, «քայլողները» վիրավորվում են, երբ հաճույք ստանալու պահին իրենց հարցնում են կուսության մասին։

Աղբյուրը՝ 1in.am