Իշխանությունը որոշել է ընդլայնել ԲՀԿ–ի հնարավորությունները. «լուսավոր» պատգամավոր

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քննադատել է «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումը։

 ԼՀԿ-ն շարունակում է դժգոհ մնալ ու համարում է, որ խայտառակություն էր այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ։ Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով ԱԺ նախագահի երրորդ տեղակալի ընտրությունը։

«Լուսավորները» մինչև հիմա դժգոհ են երեք փոխխոսնակներից մեկի ընտրությունից, որը խորհրդարանում պետք է ներկայացնի ընդդիմությունը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն աջակցել էին ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին, իրենց որոշումն էլ հիմնավորել նրանով, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն ընտրության արդյունքում երկրորդ տեղում է եղել։ Հետևաբար, պետք է հաշվի առնել ընտրողների կարծիքը։

«Իշխանությունը որոշել է ընդլայնել «Բարգավաճ Հայաստանի»` որպես ընդդիմության հնարավորությունները (եթե այն կարելի է դիտարկել որպես ընդդիմություն)։ Դրանից հետո մեր թեկնածուին` Մանե Թանդիլյանին, առաջադրել են ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Բայց մեկը մյուսին չի փոխարինում։ Մեր խմբակցությունն առանց այդ էլ պետք է մեկ հանձնաժողով գլխավորեր», – ասաց Գորգիսյանը։

Նշենք, որ ի նշան բողոքի «Լուսավոր Հայաստանը» ընտրություններում դեմ քվեարկեց երեք փոխխոսնակներից մեկի` Ալեն Սիմոնյանի ընտրության ժամանակ։

Հայաստանի խորհրդարանի նախագահը երեք փոխխոսնակ ունի` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը» դաշինք), Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ)։

Աղբյուրը՝ armeniasputnik.am