ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ընտրվելուց հետո կաշխատի սուպերվարչապետության համակարգը վերացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր Միրզոյանը հայտարարեց ԱԺ նիստում` պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին:
Այն անձերը, որոնք կարող էին ի չարս օգտագործել այդ համակարգն, այսօր չկան: Այսօր այն ի բարօրություն է օգտագործվում»,- նշեց Միրզոյանը, բայց և հավելեց , որ այդ հարցով քննարկումներ կլինեն:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովների հետագա գործունեությանը, մասնավորապես՝ գաղտնալսումների և գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ուսումնասիրող հանձնաժողովների գործունեությանը, Միրզոյանը հայտարարեց, որ դրանք պետք է շարունակեն գործել և հավելեց, որ առաջիկայում կստեղծվեն նոր քննիչ հանձնաժողովներ:
Մարուքյանը հետաքրքրվեց նաև նիստերից բացակայող պատգամավորների նկատմամբ ԱԺ ապագա նախագահի դիրքորոշման մասին: «Փոխզիջում չեմ տեսնում: Անհարգելի բացակայությունը չի հարգվի: Իսկ հարգելին պետք է խիստ փաստարկված լինի»,–հայտարարեց Միրզոյանը:
Հիշեցնենք` խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունն Աժ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մինչ ընտրությունը Միրզոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին ու լսում նրանց ելույթներն՝ ԱԺ ապագա առաջնահերթ անելիքների մասին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am