«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն քննադատությունների հետ, թե այս խորհրդարանի խնդիրն այն է, որ չունի ընդդիմություն, որը կհակակշռի իշխանությանը: Հարցին՝ ձեր ընդդիմությունն ո՞վ է՝ նա պատասխանեց. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Երբ որ մենք նույն դաշինքում էինք, այդ ժամանակ անգամ մեր մեջ կային հակասություններ: Հիմա ի՞նչն է խանգարում, որ մենք լինենք իշխանություն, իրենք լինեն ընդդիմություն՝ այն դեպքում, երբ դաշինքի ներսում ենք մենք ունեցել իրար ընդդիմանալու փորձ»:
Հարցին՝ ԲՀԿ-ին ընդդիմություն չե՞ք համարում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դեռ չեմ կարող ասել, որովհետեւ նրանց դիրքորոշումը հայտնի չէ: Բայց, կարծում եմ, կլինեն անհատական պատգամավորներ, ովքեր հանդես կգան ընդդիմադիրի դիրքերից, ընդդիմադիր ելույթներով»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցում գտնում է, որ այդ պաշտոնը պետք է տրվի շատ թվով մանդատ ստացած մեծ խմբակցությանը, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, ունե՞ք անձնական դիրքորոշում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ընդունելի տարբերակ է, որ ԲՀԿ-ից լինի, այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, այն ուժն է, որն ավելի շատ ձայն է ստացել ու նորմալ է, որ ԲՀԿ-ից լինի փոխնախագահը»:
Մեր դիտարկմանը՝ այս առումով Էդմոն Մարուքյանը ձեզ հետ «կռիվ ունի», նա ասում է, որ պարտադիր չէ այդ սկզբունքով փոխխոսնակի պաշտոնի հարցը որոշել, կարելի է ազատ, փակ, գաղտնի քվեարկությամբ դա անել՝ Հակոբյանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք, իսկ ՀՀԿ-ականներն ասում են ընդդիմադիրներ չունենք»:
Աղբյուրը՝ aravot.am