Խորհրդարանում ընթանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը:
Ազգային ժողովում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստը ընդմիջվեց կարճ ժամանակով:
«Խմբակցության քննարկում է եղել, եղել է հարցուպատասխան, քննարկվել են ներքին օրակարգային հարցեր»,- ասաց հայտարարված ընդմիջման ընթացքում լրագրողներին մոտեցած Ալեն Սիմոնյանը:
Ըստ նորընտիր պատգամավորի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խմբակցության նիստին, բայց ընդմիջումից հետո պատգամավորները քննարկումները կշարունակեն առանց նրա:
«Խմբակցության հարցերն են քննարկվել: Վարչապետը լսել է խմբակցությանը, խմբակցությունն իր կարծիքն է հայտնել: Կարելի է ասել՝ մտքերի փոխանակում եղավ: Թեմաները, որոնք արծարծվել են, բազմաթիվ են՝ արտաքին, ներքին, ԱԺ աշխատանքին վերաբերող: Քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- նշեց Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովների նախագահների հարցը չի քննարկվել: Հանձնաժողովների քանակի մասով ևս քննարկում չի եղել:
«Եղել է քննարկում նաև խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի հարցի շուրջ, բայց որևէ որոշում չկա: Եթե որոշում լինի, կլինի միասնական»,- ասաց նա:
Հարցին, թե թիմի ներսում ինչպիսի՞ մոտեցում կա սուպերվարչապետության հարցի հետ կապված՝ ուժային կառույցները կրկի՞ն վարչապետին են ենթարկվելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ես համաձայն չեմ, որ միայն ուժայիններով էր պայմանավորված սուպերվարչապետական լինելը: Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց չեն լինելու շատ կտրուկ: Այսինքն՝ պետք չէ սպասել, որ հենց առաջին նիստին մենք սկսելու ենք փոփոխություններ անել, բայց քաղաքական կամքը, որոշումը կա, որ այդ համակարգից, որը ժամանակին պարոն Փաշինյանը նույնպես քննադատել է, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»:
Նա նաև տեղեկացրեց, որ ընդմիջումից հետո հավանաբար կլինի պատգամավորների սենյակների վիճակահանությունը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am